ՀՀ–ն ապահովել է բոլոր պայմանները սամբոյի մրցումները պատշաճ անցկացնելու համար. Շեստակով

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ սամբոյի աշխարհի առաջնությանը Փախստականների հավաքականի կազմում ՖԻԱՍ–ի դրոշի ներքո հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3 մարզիկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը՝ որպես հյուրընկալող երկիր, ապահովել է բոլոր պայմանները սամբոյի մրցումները պատշաճ անցկացնելու համար։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպմանն այդ մասին ասել է սամբոյի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԱՍ) նախագահ Վասիլի Շեստակովը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպում ՀՀ ԿԳՄՍՆ–ում
Ավելի վաղ հայտնել էինք, որ սամբոյի ԱԱ-ի բացման արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 10–ին Երևանում՝ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
«Սամբոյի աշխարհի առաջնությունը կազմակերպվել է ամենաբարձր մակարդակով, ինչի համար շատ շնորհակալ ենք: Իսկապես գնահատում ենք Հայաստանի կառավարության, ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ջանքերն այդ հարցում: Սա մեծ տոն է թե՛ Սամբոյի միջազգային ֆեդերացիայի, և թե՛ Հայաստանի սպորտային հասարակության համար: Ուրախ ենք, որ 70 երկրի մասնակցություն է ապահովված աշխարհի այս առաջնությունում»,– նշել է Վասիլի Շեստակովը:
ԿԳՄՍ նախարարն իր հերթին շնորհավորել է մարզաձևի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներին սամբոյի հիմնադրման 85–ամյա հոբելյանի առթիվ և տեղեկացրել՝ ՀՀ կառավարությունն էականորեն մեծացրել է ուշադրությունը սամբո մարզաձևում բարձր արդյունքներ գրանցող մարզիկների նկատմամբ:
Հանդիպում ՀՀ ԿԳՄՍՆ–ում
Մասնավորապես, ՀՀ կառավարությունը վերջերս ընդունել է որոշում, ըստ որի` պետական հոգածության ներքո օժանդակելու է նաև հավաքականների կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած սամբիստ մարզիկներին ու նրանց մարզիչներին՝ գալիք տարվանից ամենամսյա անվանական թոշակ տրամադրելով (ցմահ):
Հայաստանի հավաքականն առաջին մեդալներն է նվաճել սամբոյի աշխարհի առաջնությունում
Անդրեասյանը նաև ընդգծել է, որ աշխարհի առաջնությանը Փախստականների հավաքականի կազմում ՖԻԱՍ–ի դրոշի ներքո հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3 մարզիկ՝ Դավիթ Հովսեփյանը (58 կգ), Արսեն Կարապետյանը (79 կգ) և Արմեն Մնացականյանը (58 կգ, մարտական սամբո):
«Կարևորելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարզիկների համար ստեղծված հնարավորությունը՝ Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ կգա մի օր, երբ Փախստականների հավաքականի ձևավորման անհրաժեշտություն այլևս չի լինի»,– նշված է ԿԳՄՍՆ հաղորդագրության մեջ:
Նախարարը նաև կարևորել է կանանց ընդգրկվածությունը մարզաձևում և տարատեսակ մրցաշարերին նրանց մասնակցության համար հնարավորությունների ստեղծումը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Միջազգային ֆեդերացիայի կողմից մշակված «Սամբոն՝ դպրոցներում» ծրագրի տեղայնացման, սամբո մարզաձևի տարածման ու զարգացման հնարավորությունը:
Սամբոյի աշխարհի առաջնություն. Վարսիկ Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել
Նշենք, որ Սամբոյի միջազգային ֆեդերացիան Երևանում օրերս կազմակերպել է նաև մրցավարական սեմինար, իսկ այսօր նախատեսված է Բիզնես ֆորումի անցկացում:
Սամբոյի աշխարհի առաջնությանն ավելի քան 70 երկրի 650 մարզիկներ են մասնակցում: Հայաստանի հավաքականներն ԱԱ–ին ներկայացված են մարզական սամբոյի, մարտական սամբոյի և կանանց սամբոյի մրցումներում՝ բոլոր քաշային կարգերում: