Էրդողանն Իսրայելին անվանել է Արևմուտքի «քմահաճ երեխա» և կոչ արել փոխհատուցել Գազային

Էրդողանը կոչ է արել ՄԱԿ–ին և Միջազգային քրեական դատարանին հետաքննել Գազայում Իսրայելի հանցագործությունները ու համապատասխան աշխատանք սկսել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գագաթնաժողովում, հայտարարել է, որ Իսրայելը պետք է փոխհատուցում վճարի պաղեստինցիներին։ Նրա խոսքով՝ Արևմուտքը Թել Ավիվին վերաբերվում է որպես «քմահաճ երեխայի»:
«Իսրայել պետությունը, որն իրեն Արևմուտքի քմահաճ երեխայի պես է պահում, պետք է փոխհատուցի պաղեստինցիներին հասցրած վնասը»,– հայտարարել է Թուրքիայի առաջնորդը:
Էրդողանը նաև կոչ է արել ՄԱԿ–ին և Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) հետաքննել Գազայում Իսրայելի հանցագործություններն ու համապատասխան աշխատանք սկսել:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։