ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. «Բիթլզ» խմբի վերջին երգը` Now and Then–ը, որը Ջոն Լենոնի կատարմամբ հրապարակվել է նոյեմբերի 2-ին, գլխավորել է Մեծ Բրիտանիայի երաժշտական հիթ շքերթը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Official Charts ընկերությանը, որը պատասխանատու է վարկանիշի կազմման համար։
Ինչպես տեղեկանում ենք ընկերության հայտարարությունից, երգի հրապարակման օրն այն ընդամենը 10 ժամում բարձրացել է վարկանիշի 42-րդ հորիզոնականը, իսկ այս ուրբաթ արդեն զբաղեցրել է առաջին տեղը։ Լեգենդար խումբը գերազանցել է սեփական ռեկորդը` 18-րդ անգամ գլխավորելով բրիտանական հիթ շքերթը։
Հիթ շքերթը գլխավորած «Բիթլզի» առաջին երգը թողարկվել էր 60.5 տարի առաջ, իսկ վերջինը` 54 տարի առաջ, դրանք խմբի նոր ռեկորդներն են։ Լիվերպուլյան քառյակը դարձել է նաև ամենահին խումբը, որը երբևէ գրավել է վարկանիշի առաջին հորիզոնականը։
Now and Then երգը խմբի երգացանկում վերջինն է, որը գրել և կատարել է Ջոն Լենոնը։ Օրիգինալը ձայնագրվել է փորձնական տարբերակով 1970–ականներին, սակայն վերջնական մշակում չէր անցել։
Լենոնի սպանությունից հետո շատ տարիներ անց խմբի մյուս անդամները` Փոլ ՄաքՔարթնին, Ջորջ Հարիսոնն ու Ռինգո Սթարը, վերսկսեցին աշխատանքը ստեղծագործության վրա, սակայն այն ավարտին հասցրին արդեն երկուսով` ՄաքՔարթնին և Սթարը. երգը գրելուց ավելի քան 40 տարի և Հարիսոնի մահից ավելի քան 20 տարի անց։
Երգն ավարտին հասցնելու համար, մասնավորապես, օգտագործվել է արհեստական բանականությունը, որը թույլ է տվել օրիգինալ ձայնագրությունից Լենոնի ձայնի ավելի որակյալ տարբերակը ստանալ հետագա օգտագործման համար։