ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բաբաջանյան թաղամասում նոյեմբերի 10–ին` կեսգիշերին մոտ, տեղի ունեցել է ավտովթար։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Նշվում է, որ 48–ամյա Վ․ Թ․–ի վարած «Chevrolet Niva» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը․ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են։
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և կատարել հովացման աշխատանքներ։
shamshyan.com–ի տեղեկություններով` վարորդը Երևանի բնակիչ է, ուղևորը եղել է նրա կինը` 33–ամյա Նելլի Մ.–ն, որն այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է առանց գիտակցության գալու:
Ըստ լրատվամիջոցի` ավտոմեքենայում հայտնաբերվել է հրացան և փամփուշտներ: