«Արդեն չինարեցի եմ». սահմանամերձ Չինարիում արցախցի 13 ընտանիք է հաստատվել

Բաբայան ընտանիքը Չինարիում
Արցախում բռնի տեղահանության հենց սկզբից Տավուշի մարզի սահմանամերձ չինարեցիները հայտարարեցին, որ պատրաստ է հյուրընկալել արցախցի բազմազավակ ընտանիքների` նրանց անվճար տներ տրամադրելով։ Sputnik Արմենիան այցելել է Չինարի` տեսնելու` ինչպես են ապրում արցախցիները։
Sputnik
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղն ադրբեջանական սահմանից ընդամենը մի քանի հարյուր մետր է հեռու։ Վերջին տվյալներով` այստեղ մոտ 600 մարդ է ապրում։ Խորհրդային տարիներին այս թիվը մոտ 3 անգամ ավելի էր։ Գյուղն ունի դպրոց, մանկապարտեզ, գյուղացիների հիմնական զբաղմունքն այգեգործությունն ու անասնապահությունն են։ Վերջին տարիներին շատերը նաև աշխատում են տարածաշրջանում բացված գործարաններում։
Չինարեցիները շատ կապված են իրենց հող ու ջրին. սա անգամ արտերկրում ապրողներին է վերաբերում։ Գնացել են, բայց միտքն ու հոգին սահմանամերձ սիրուն գյուղում թողել։ Արցախահայության տեղահանության առաջին օրերից արտերկրում ապրող չինարեցիներից մի քանիսը կանգնեցին համայնքի կողքին տեղահանված մեր հայրենակիցներին գյուղում հյուրընկալելու, տարբեր հարցերում աջակցելու համար։

Պարապ հո չե՞մ նստելու. ասկերանցի Գյուլումն արդեն թթուն էլ է դրել

59-ամյա Գյուլում Բալայանը Ասկերանի շրջանի Ռև գյուղից է։ Այնտեղ ընտանիքը զբաղվել է հողագործությամբ և անասնապահությամբ։
«Շատ էլ լավ ապրելուց ենք եղել, տուն–տնամերձ հող։ Ոչ մի բան չենք կարողացել բերել, մարդ ա մի ձեռք շոր ենք առել, փախել, հլը իմ շորերն էլ ավտոյի մեջ մնացին»,– պատմում է տիկին Գյուլումը։
Գյուլում Բալայանը Չինարիի նոր տանը
Չինարիում ապրում են 7 հոգով` Գյուլումն ամուսնու, տղայի, հարսի ու 3 թոռների հետ։ Թեպետ տրամադրված տունը բավականին մեծ ու ընդարձակ է, բայց 7 հոգով մեկ սենյակում են տեղավորվել։ Տունը երկար տարիներ լքված է եղել, պատուհանների ապակիները կոտրված են, փեղկերը` փտած, առաստաղն ու պատերը` խոնավությունից քայքայված։ Այլ հարմարություններ էլ դեռևս չկան, օրինակ, բաղնիք չունեն, հարևանի տանն են լողանում, երեխաներին էլ տաշտերի մեջ են լողացնում, մինչև տեսնեն` ինչ է լինելու։ Լվացքի մեքենա չունեն, սառնարան` ևս, հարևանի սառնարանից են օգտվում։ Տնամերձ հողատարածքն էլ երկար ժամանակ չի մշակվել, բայց Գյուլումը մի 2 շաբաթվա ընթացքում արդեն հասցրել է ոչ միայն տունը հնարավորինս կարգի բերել, այլև տնամերձի մի մասը մաքրել, վարել ու սխտոր ցանել։
Գյուլում Բալայանենց տունը Չինարիում
«Լամարա, կոֆե՞ գցալ ես»,– զրույցի մեջտեղում հարսին ձայն է տալիս տիկին Գյուլումը։
Սուրճ չխմելու մերժումը չի ընդունում, շտապում է մեզ նկուղ առաջնորդել ու այս երկու շաբաթում իր արած–դրածը ցույց տալ` լեչո, աջիկա, մասուրի հյութ ու պլաստմասե մի քանի մեծ տարաներով թթու։
Գյուլում Բալայանի պատրաստած պահածոները
«Ակոշկեքը` կարմիր, կտուրը` սպիտակ, էնքան սիրուն էր մեր տունը։ Կարանալո՞ւ ենք ոտքի կանգնել»,– անսպասելի հիմա էլ տիկին Գյուլումն է ինձ հարց տալիս ու, պատասխանիս չսպասելով, տան հարևանությամբ գտնվող գոմը ցույց տալիս։
«Անասուններ էլ ենք պահելու, էնտեղ լիքն էին` ոչխար, կով, խոզ, հավ, հնդկահավ, ղազ։ Թոնիր էլ կսարքենք, հաց կթխեմ, կծախեմ էլ»։
Գյուլում Բալայանի դրած թթուն
Մինչ կինը տանն է անում–դնում, ամուսինն էլ` Վագիֆը, ամեն առավոտ անտառ է գնում, մասուր, զկեռ հավաքում թե՛ իր տան համար, թե՛ հարևաններին նվիրում։

Հայրենիքը սկսվում է սահմանից. մարտակերտցի Աղասին կրկին ծառայության է անցնում

40-ամյա Աղասի Հակոբյանը Մարտակերտի Գետավան գյուղից է, 17 տարի պայմանագրային զինծառայող է եղել, հայրենի սահմանները պաշտպանել։ 5 երեխաների հայրը ծառայությանը զուգահեռ նաև գյուղում հողագործությամբ, անասնապահությամբ է զբաղվել, մեղվափեթակներ ունեցել։
«Եկանք մի շաբաթով Երևան, չդիմացա, ասեցի` գնամ, ինձ համար տուն գտնեմ, հասանք Չինարի»,– պատմում է Աղասին։
Աղասի Հակոբյանը Չինարիում
Գյուղում հաստատված առաջին բազմազավակ ընտանիքն են։ Շատ տների նման իրենց տանը ևս բաղնիք չկա, գյուղացիները շինանյութ են տրամադրել, որ կառուցեն։ Աղասին արդեն հասցրել է պայմանագրային զինծառայության համար դիմում ներկայացնել, սպասում է պատասխանին։
«Արցախում 450 հազար ռոճիկ էի ստանում, ստեղ էդքան չի լինելու, բայց դե տեսնենք։ Գյուղապետն ասել է` թզի այգի կտան, անասուններով կապահովեն, մեղու էլ կպահեմ, ամեն ինչ էլ կանենք»,– նշում է Աղասին։
Աղասի Հակոբյանի կինը
5 երեխաների հետ (4-ը դպրոցական են, փոքրը` Մոնթեն, 2 տարեկան) թշնամուն այսքան մոտ ապրելը չի մտահոգում, կրկնում է հայտնի խոսքերը` հայրենիքը սահմանից է սկսվում։ «Սահմանին ապրել եմ, էլի պատրաստ եմ ապրել։ Շատ մարդիկ ասում են` գյուլլի բերանից փրկվել, եկել եք գյուլլի բերան, բայց ես տենց չեմ մտածում»։
Արցախցի երեխաները Չինարիի մանկապարտեզում

Երկիրը հո մի օրում չեն կառուցել. մարտունեցի Միխայիլն իր ու ընտանիքի ապագան Չինարիում է տեսնում

«Արդեն չինարեցի եմ»,– ի պատասխան «որտեղի՞ց եք» հարցիս` ասում է 29-ամյա Միխայիլ Բաբայանը։ Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղից են։ Երբ պատերազմը սկսվեց, Միխայիլը դիրքերում էր. պայմանագրային զինծառայող էր։
«Ընտանիքիցս ոչ մի լուր չունեի, ռումբն ընկավ, պայթյունի ալիքից այրվածքներ ստացա, հոսպիտալ տարան։ Հետո դուրս եկա, գյուղից գյուղ ընկած իրենց էի ման գալիս, հարևանը մեր գյուղից հանել էր, չգիտեի»,– պատմում է Միխայիլը։
Բաբայանների ընտանիքը Չինարիում
Կնոջ` Տաթևի և 5 երեխաների հետ Արցախից դուրս են եկել ԶԻԼ–ի թափքում նստած, իրենց մեքենան ստիպված էին թողնել, որովհետև վառելիք չկար։ Հայաստանում` Բյուրեղավանում, 50 հազարով կարողացան տուն գտնել։ «Վեշերը տարանք, թողեցինք, որ տեղափոխվենք, հաջորդ օրն ասեց` ծախել եմ, դուրս եկեք»,– պատմում է Միշան։
Հետո լսեցին Չինարիում անվճար տների մասին ու եկան։ Այն, որ Չինարին սահմանամերձ է, չի վախեցնում, ասում է` ամբողջ երկիրն է հիմա սահմանամերձ։ Թեպետ դեռ լոգասենյակ չունեն, նոր են կառուցում, մինչ այդ ստիպված են հարևանի տանը լողանալ, գազն էլ դեռ չկա, շուտով կմիացնեն, բայց ընտանիքը շատ տպավորված է մարդկանց ջերմ ընդունելությունից։
Միխայիլ Բաբայանի որդին
«Մերոնցից ով զանգում է, ասում եմ` եկեք էստեղ»։
Պայմանագրային զինծառայության անցնելու դիմում է ներկայացրել, սպասում է պատասխանին։ Իրենց մեծ ընտանիքին է միացել նաև Տաթևի եղբայրը` Կարենը, նա էլ արդեն 4 ճագար է գնել, որ ճագարաբուծությամբ զբաղվի։
«Երկիրը հո մի օրում չեն կառուցել»,– ասում է Միշան, հետո վստահորեն ավելացնում` ամեն ինչն էլ կամաց–կամաց կլինի, մենակ թե խաղաղություն լինի։
Միխայիլ Բաբայանի դուստրերը
Հ.Գ. Նշենք, որ մեր այցելության ժամանակ Չինարիում 13 ընտանիք էր արդեն հաստատվել, դպրոցի աշակերտների թիվը 17–ով ավելացել էր արցախցի փոքրիկների շնորհիվ։ Գյուղի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանի խոսքով` դեռ մի քանի տասնյակ ընտանիքի էլ կարող են ընդունել։
«Ուզում ենք, որ մեծ ընտանիքներ լինեն, աշխատում ենք, որ բարեկամներով գան, որ ավելի հեշտ ու արագ այստեղ հարմարվեն»,– ասում է Սաղոյանը։
Շարունակում են գույքագրել գյուղում ազատ մնացած տները, դրանք հնարավորինս բարեկարգել նոր բնակիչների համար։ Նոր բնակիչների գալուց հետո էլ գույքագրում են նրանց կարիքներն ու ամեն կերպ փորձում դրանք լուծել, մարդկանց արժանապատիվ տնով ու կյանքով ապահովել։
1 / 9

Արցախցի երեխաները Չինարիի մանկապարտեզում

2 / 9

Միխայլի Բաբայանի որդին

3 / 9

Հակոբյանների ընտանիքը Չինարիում

4 / 9

Կարենը

5 / 9

Միխայիլ Բաբայանի ճագարները

6 / 9

Միխայիլ Բաբայանի որդին

7 / 9

Չինարիի համայնքապետ Սամվել Սաղոյանը

8 / 9

Մանե Հակոբյանը Չինարիում

9 / 9

Գյուլում Բալայանի թողը` Վահեն