ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Սիթի» ՍՊԸ-ին 76 340 000 դրամի չափով տուգանել է բանակցային դիրքի չարաշահման համար։ Տեղեկությունը հայտնում է ՄՊՀ–ն։
Հանձնաժողովն ուսումնասիրել է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մի շարք առաջնային անհրաժեշտության պարենային ապրանքների ձեռքբերման և իրացման գործընթացում ընկերության վարքագիծը։
Պարզվել է, որ կարագի իրացման գործընթացում «Սիթի» ընկերության վարքագիծը պարունակել է խտրական պայմանների կիրառման, մրցակցի ապրանքների իրացման համար էական նշանակություն ունեցող պայմանների միջև չհիմնավորված տարբերությունների սահմանման կամ կիրառման հատկանիշներ:
«Ապրանքների իրացման գործընթացում առանց հիմնավոր չափանիշների առկայության կիրառվել են շահութաբերության այնպիսի մարժաներ, որի արդյունքում «Սիթի» ընկերության հետ փոխկապակցված «Ալեքս ընդ Հոլդինգ» ընկերության մրցակիցների համանման ապրանքները վաճառվել են առավել բարձր գներով, ինչն էլ իր հերթին «Ալեքս Էնդ Հոլդինգ» ընկերության համար առաջացրել է մրցակցային առավելություն՝ ապահովելով իրացման զգալի մեծ ծավալներ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ընկերությունն ընդունել է իրավախախտման փաստը: