ՌԴ–ն 25 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի հատված

Մարդասիրական օգնություն տեղափոխող Իլ-76 ինքնաթիռը մեկնել է Կազանի օդանավակայանից։
Sputnik
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները 25 տոննա մարդասիրական օգնություն կհասցնեն Գազայի հատվածի բնակչությանը: Իլ-76 ինքնաթիռը Կազանի օդանավակայանից մեկնել է Եգիպտոս: Տեղեկությունը հրապարակվել է գերատեսչության Telegram-յան ալիքում։
«Մարդասիրական բեռը կտեղափոխվի Եգիպտոսի Արաբական Հանրապետության տարածք և կփոխանցվի Եգիպտոսի Կարմիր մահիկի ընկերության ներկայացուցիչներին», - ասված է հաղորդագրության մեջ:
Ռուսական օգնությունն ուղարկվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ:
Մարդասիրական բեռը ներառում է սննդամթերք, անձնական հիգիենայի պարագաներ, հագուստ, շարժական վառարաններ, վերմակներ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 10,3 հազարը, տուժել է ավելի քան 25 հազար մարդ։