ՀՀ-ի և Հնդկաստանի միջև մաքսային համագործակցության համաձայնագիրը ներկայացվեց ԱԺ քննարկմանը

Աշոտ Մուրադյան. Արխիվային լուսանկար
Այս համաձայնագիրը հնարավորություն կընձեռի նաև Հայաստանի և Հնդկաստանի մաքսային մարմինների միջև անձնական տվյալներ փոխանցել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «ՀՀ-ի և Հնդկաստանի միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագրի վավերացմանը։ Այն ներկայացվեց Ազգային ժողովի լիագումար նիստի քննարկմանը։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի խոսքով` համաձայնագիրն առաջինը մենք ենք վավերացնում, Հնդկաստանի կառավարությունը դեռ չի վավերացրել այն։
Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թ. հունիսի 23–ին Բրյուսելում:
«Համաձայնագրով նախատեսվում է մաքսային գործին վերաբերող հարցերում փոխադարձ վարչական օգնության ցուցաբերել և այդ նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի սահմանել: Բացի այդ, կհաստատվի ուղղակի կապ երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների միջև, ինչն էլ իր դրական ազդեցությունը կունենա Հնդկաստանից ՀՀ ներմուծման և ՀՀ–ից Հնդկաստան արտահանման ժամանակ մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման, առկա խնդիրների առավել արագ և օպերատիվ լուծման վրա»,– ընդգծեց նա:
Մուրադյանը տեղեկացրեց, որ համաձայնագրով հնարավորություն կընձեռնվի ՀՀ-ի և Հնդկաստանի մաքսային մարմինների միջև անձնական տվյալներ փոխանցել:
Նա նաև նշեց, որ կա ՀՀ սահմանադրական դատարանի որոշում, ըստ որի` համաձայնագիրը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը։