Թուրքիայում հակաթմրանյութային գործողության ընթացքում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել

Արխիվային լուսանկար
Առգրավվել է, նախնական տվյալներով, 33,5 կգ թմրանյութ, 6659 տարբեր հոգեմետ դեղահաբեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Ավելի քան 200 կասկածյալ է ձերբակալվել Թուրքիայի 32 նահանգների տարածքում հակաթմրանյութային լայնածավալ գործողության ընթացքում: Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։
«Նախնական տվյալներով` գործողության ընթացքում առգրավվել է 33,5 կգ թմրանյութ, 6659 տարբեր հոգեմետ դեղահաբեր, երեք ատրճանակ, 79238 ԱՄՆ դոլար, 36500 եվրո, 249,701 հազար թուրքական լիրա: Գործողության արդյունքում ոչնչացվել է հանցավոր կազմակերպության գործադիր ցանցը, ձերբակալվել է 210 կասկածյալ»,- հայտարարել է նախարարը X սոցիալական ցանցում։
Նշվում է, որ գործողությունն իրականացվել է երկրի 32 նահանգներում, դրան մասնակցել է հատուկ նշանակության 42 ստորաբաժանում, երկու ուղղաթիռ, մեկ անօդաչու սարք, 29 շուն, 680 խումբ և անձնակազմի 2294 մարդ: Աշխատել են միաժամանակ 353 հասցեներում։