ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik․ Նրանց երկրպագում էին, հաղթանակներով ոգեշնչվում․ Հայաստանի համար «Արարատի» հաղթանակները զուտ ֆուտբոլային չէին, դրանք ազգային զարթոնքի, միասնության, ուժի, անհնարը հնարավոր դարձնելու խորհրդանիշ էին։ 1973 թվականին «Արարատը» մեկ խաղաշրջանում ոչ միայն նվաճեց Խորհրդային Միության գավաթը, այլև արժանացավ Խորհրդային Միության չեմպիոնի տիտղոսին:
Կես դար անց «Արարատ 73»-ի հաղթանակի 50-ամյակի առիթով շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ։
Նամականիշ՝ լեգենդար «Արարատ 73»-ի 50-ամյակի առիթով
© Photo : Арменпресс / Айк Манукян
Մարումն իրականացրեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, «Արարատ-73»-ի ֆուտբոլիստներ Նորայր Մեսրոպյանը, Սերգեյ Պողոսյանը, Սերգեյ Բոնդարենկոն:
Այսօր մեր երկիրն ու ժողովուրդը ծանր մարտահրավերների միջով է անցնում։ Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանի կարծիքով՝ հատկապես այս օրերին շատ կարևոր է ազգային լուսավոր կետերը հավերժացնելը։ «Արարատ 73»-ի հաղթանակը հենց այդ լուսավոր կետերից է։
«Շատերն ասում են՝ 50 տարի առաջ է եղել։ Ավարայրի ճակատամարտն էլ մի 1500 տարի առաջ է եղել։ Ներեցեք նմանօրինակ համեմատության համար, բայց ազգային զարթոնքի տեսակետից հաղթանակների առումով, կներեք, բայց ես այդ համեմատությունն անում եմ»,- նշեց Մուսայելյանը։
Նա շեշտեց՝ այս հաղթանակները միայն Հայաստանի համար չէին կարևոր, այլև ամբողջ հայության։ Նա հիշեց 1973 թվականի ամառը, երբ Բաքու էր այցելել։ Անգամ այնտեղ էին «Արարատին» երկրպագում։ Ասում է՝ այն ժամանակ կենտրոնում հայեր էին ապրում, սեղաններ էին հենց փողոցներում բացել և տոնում էին հաղթանակը։
Դավիթ Դովլաթյանի դիզայնով արված գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է ֆուտբոլի գնդակ, որտեղ ներկայացված են «Արարատին» գավաթի հանձնման արարողության դրվագներ:
Գեղաթերթիկի վերևի հատվածում «Արարատ» թիմի ֆուտբոլիստներն են, ինչպես նաև՝ «Արարատ-73»-ի հաղթանակի 50-ամյակին նվիրված լոգոտիպը: Նամականիշով գեղաթերթիկի անվանական արժեքը 380 դրամ է։
Նամականիշ՝ լեգենդար «Արարատ 73»-ի 50-ամյակի առիթով
© Photo : Арменпресс / Айк Манукян