Դեյր էզ Զորում բախումներ են տեղի ունեցել ԱՄՆ-ի և սիրիական բանակի միջև. ԶԼՄ

Սիրիական բանակի մարտիկներ. Արխիվային լուսանկար
Կողմերը կիրառել են խոշոր տրամաչափի գնդացիրներ, ականանետային կայանքներ և հրետանային միջոցներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Այս գիշեր բախումներ են տեղի ունեցել Սիրիայի արևելքում գտնվող Դեյր էզ Զոր նահանգում, հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը:
«Կատաղի բախումներ են ընթանում մի կողմից ամերիկյան ուժերի և SDF-ի, մյուս կողմից` սիրիական բանակի և նրա դաշնակիցների միջև»,-հայտարարել է աղբյուրը:
Աղբյուրի տեղեկություններով` փոխհրաձգությունները կատաղի են եղել, առավոտյան կրակի ինտենսիվությունը նվազել է։
Կողմերը կիրառել են խոշոր տրամաչափի գնդացիրներ, ականանետային կայանքներ և հրետանային միջոցներ: Սիրիացի և ամերիկացի զինծառայողների շրջանում կորուստների մասին տեղեկություններ չեն ստացվել:
Նշենք, որ բախումները սկսվել են Եփրատ գետի շրջանում Դեյր Էզ Զորի արևելյան թաղամասերի վրա ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարձակումից հետո: Դրանց ամերիկյան կողմից մասնակցել են «Ժողովրդավարական Սիրիայի ուժերի» քրդական կազմավորումները։
Կառավարական զորքերն ու նրանց աջակցող աշխարհազորայինները կրակ են բացել Եփրատի արևելյան ափին գտնվող թշնամու դիրքերի ուղղությամբ` ի պատասխան Իրանի ԻՀՊԿ-ի և դրա հետ կապված շիա խմբավորումների կողմից իբր օգտագործվող օբյեկտի վրա հրթիռային հարվածի: