ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳՆ–ն օգտագործում է իր ողջ գործիքակազմը, որպեսզի Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը, այդ թվում՝ նախկին պաշտոնյաները, օր առաջ վերադառնան Հայաստան։ Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
«ՀՀ–ն և արտգործնախարարությունը բոլոր միջազգային հարթակներում, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին բարձրաձայնում է այդ խնդիրը»,–ասաց Կոստանյանը։
Նա հիշեցրեց, որ կան իրավական գործընթացներ ՄԻԵԴ–ում, արդարադատության միջազգային դատարանում։ Եվ թեպետ Լաչինի միջանցքի փակումից առաջ և հետո տեղի ունեցած իրադարձություններին միջազգային հանրությունն ադեկվատ չի արձագանքել, սակայն շարունակելու են աշխատել միջազգային գործընկերների հետ։
Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում ԼՂ-ում զոհվել է 200-ից ավելի զինծառայող և քաղաքացիական անձ։ Շուրջ 12 քաղաքացիական անձ և 30 զինծառայող համարվում է անհետ կորած: Առկա են առնվազն 14 անձի խոշտանգման ենթարկելու դեպքեր, որոնցից 12-ը զինծառայող են, 2-ը՝ քաղաքացիական անձ։ Ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է 3 երեխա, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 231 զինծառայող և 80 քաղաքացիական անձ:
Սեպտեմբերի 27-ին ադրբեջանցի զինվորականները Ստեփանակերտից մեկնելիս ձերբակալել էին նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ու ԼՂ Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին: Սեպտեմբերի 29-ին ձերբակալվել են բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Հոկտեմբերի 3-ին հայտնի դարձավ Լեռնային Ղարաբաղի երեք նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի ձերբակալության մասին: