ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ՀՀ–ում 2023 թ. 9 ամսում եկամտահարկի վերադարձի համակարգով 37.5 մլրդ դրամ է տրվել քաղաքացիներին։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արտյոմ Սմբատյանն այս տվյալը ներկայացրեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում։
Նրա խոսքով` եկամտահարկի վերադարձի գումարային ծավալով առաջատարը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է։ Այդ ոլորտի աշխատողներին, ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի, վերադարձվել է 8.3 մլրդ դրամի եկամտահարկ, որն ընդհանուր 37.5 մլրդ դրամ ծավալի 22.3 տոկոսն է։
Եկամտահարկի վերադարձի համակարգից օգտվող հաջորդ խոշոր հատվածը պետական աշխատողներն են: Նրանք 2023 թ. 9 ամսում ստացել են 3 մլրդ դրամ, որն ընդհանուր ծավալի 8.21 տոկոսն է։
Հիշեցնենք` Երևան քաղաքի առաջին գոտում 2022 թվականի հուլիսի 1-ից այլևս չի գործում հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձի հնարավորությունը։ 2025 թվականի հունվարի 1-ից այդ համակարգը չի գործի ամբողջ Երևանում։ Այս տարվա հունիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձը 2027 կամ 2028 թվականից կփակվի նաև երևանամերձ մարզերի համար։