ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2024 թ․ բյուջեի նախագծով պատշաճ կերպով աջակցում է Լեռնային Ղարաբաղից փախստականներին՝ միաժամանակ ապահովելով մակրոտնտեսական կայունությունը։ Այս մասին ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Հայաստանի «Պահուստային ծրագրի» շրջանակում երկրորդ ամփոփիչ ստուգման արդյունքների վերաբերյալ միջանկյալ զեկույցում։
«ՀՀ իշխանությունները նախաձեռնողաբար արձագանքեցին ԼՂ–ից 100 000–ից ավելի էթնիկ հայ փախստականների կարիքներին, այդ թվում` նրանց կենսական կարիքները հոգալու համար տրամադրելով դրամական օժանդակություն, ժամանակավոր կացարաններ, ինչպես նաև ֆինանսական օգնություն` կեցության և կոմունալ ծախսերն ապահովելու համար»,– նշված է ֆինանսական կառույցի զեկույցում։
Ըստ ԱՄՀ–ի` ԼՂ–ից փախստականների` միջինից երկարաժամկետ կարիքների շարունակվող համապարփակ գնահատումը, այդ թվում՝ բնակարանային ապահովման, կրթության, զբաղվածության և սոցիալական պաշտպանության հետ կապված, կօգնի ՀՀ–ում նրանց ինտեգրմանը։
«Արժույթի միջազգային հիմնադրամի «Պահուստային ծրագիրը», որը ՀՀ իշխանությունները դիտարկում են որպես կանխարգելիչ, նպատակաուղղված է իրենց տնտեսական քաղաքականության շարունակականության ապահովմանը, ինչպես նաև օժանդակելու կառավարության բարեփոխումների ծրագրին»,– նշված է ԱՄՀ զեկույցում։
Նշվում է նաև, որ ԱՄՀ թիմը` Իվա Պետրովայի գլխավորությամբ այս տարվա սեպտեմբերի 13–25–ին ՀՀ–ում էր` խորհրդակցության և «Պահուստային ծրագրի» 2–րդ ամփոփիչ ստուգման շուրջ քննարկումներ անցկացնելու համար։ Քննարկումների ավարտին համաձայնություն է ձեռքբերվել, որ ԱՄՀ գործադիր խորհուրդը այն կքննարկի ու կհաստատի այս տարվա դեկտեմբերի կեսին։
Եթե խորհուրդը հաստատի ԱՄՀ ծրագիրը, ապա Հայաստանը կստանա մոտ 24,3 մլն դոլարի հերթական վարկային տրանշի հասանելիություն, որից 18.4 մլն ԱՄՆ դոլարը փոխառության հատուկ իրավունքով կտարամադրվի։ Այսպիսով, ԱՄՀ կողմից ՀՀ–ին տրամադրվող վարկի ընդհանուր ծավալը կհասնի ընդհանուր առմամբ շուրջ 72.9 մլն ԱՄՆ դոլարի։
ԱՄՀ–ից նշում են նաև, որ չնայած համաշխարհային տնտեսական անբարենպաստ միջավայրին՝ 2023 թ․ ՀՀ տնտեսական աճի բարձր տեմպը շարունակվեց. տարվա առաջին կիսամյակում այն աճեց 10․5 տոկոսով, որին նպաստեցին մասնավոր սպառման, ծառայությունների արտահանման բարձր ցուցանիշները։ Սպասվում է, որ ՀՆԱ–ի աճը 2023 թ․ կհասնի 7 տոկոսի և 2024 թ․ կդանդաղի` հասնելով շուրջ 5 տոկոս մակարդակի։