ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Մալայզիայի կառավարությունը չի ճանաչում միակողմանի պատժամիջոցները, որոնք կիրառել են ինչ–որ երկրներ, այդ թվում` ԱՄՆ–ն։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած համապատասխան օրինագծի ֆոնին (ՀԱՄԱՍ–ի խմբավորման ֆինանսավորման վերաբերյալ) այս հայտարարությունն է արել երկրի վարչապետ Անվար Իբրահիմը։
«Մենք ճանաչում ենք միայն ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդը, որը բազմակողմանի է համարվում։ Մենք ԱՄՆ–ի հետ համաձայն չենք նաև ՀԱՄԱՍ–ին աջակցող օտարերկրյա կազմակերպություններին սահմանափակելու մասին օրինագծի ընդունման հարցում, և այդ օրինագծի ընդունումը չի ազդում մեր դիրքորոշման կամ քաղաքականության վրա»,– Մալայզիայի վարչապետի խոսքը մեջբերում է NSTTV հեռուստաալիքը։
Իբրահիմը հավելել է, որ նա զանգել է իսլամական երկրների մի քանի առաջնորդների, և նրանք նույն դիրքորոշումն են հայտնել, ինչ Մալայզիան։ Վարչապետի խոսքով` ԱՄՆ Կոնգրեսի` օրինագիծը հաստատելու որոշումը ցուցադրել է ՀԱՄԱՍ–ին և պաղեստինցիներին օգնող օտարերկրյա կառավարությունների կամ կազմակերպությունների վրա ճնշում գործադրելու և վախեցնելու արևմտյան շարունակական ջանքերը։