Ինչո՞ւ է կալանավորվել Արագած Ախոյանը. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում

Արագած Ախոյան
ԱԺ նախկին պատգամավորը ձերբակալվել է նոյեմբերի 6-ին և նույն օրն էլ կալանավորվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը կալանավորվել է 2023 թվականի հունիսի 8-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակած գրառման համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ըստ ՔԿ–ի` Ախոյանն այդ օրը հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։
«Նա կատարել է հետևյալ հրապարակումը` «Ցուցակագրեք էն բ․․․ թուլեքի ցանկը, որոնց սատկացնելու ենք նիկոլի սիկ․․․ հետո», որին արձագանքել են «Ֆեյսբուք» սոցիալական կայքի բազմաթիվ օգտատերեր։ Ձեռք բերված փաստերի հիման վրա 2023թ․ նոյեմբերի 3-ին Ա․ Ա․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու հոդվածով»,– ասված է հաղորդագրությունում։
Նոյեմբերի 6-ին Ախոյանը ձերբակալվել է, և նրան մեղադրանք է ներկայացվել։ Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը դատարանի կողմից բավարարվել է մասնակի` մեկ ամիս ժամկետով։