Բուհերում ԼՂ ուսանողների նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին ահազանգեր կան. Թովմասյան

Թագուհի Թովմասյանը խոստացել է նման միջադեպերի կրկնության դեպքում հանրայնացնել անթույլատրելի վարքագիծ ցուցաբերած դասախոսների անուն-ազգանունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Բուհերում արցախցիների նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին մտահոգիչ ահազանգեր են ստացվում։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Հոգեբանական ծանր վիճակում գտնվող ուսանողներն ընդգծում են, որ պրոֆեսորադասախոսական կազմի կողմից ակնհայտ տարբերակումներ և կողմնակալ վերաբերմունք է դրսևորում իրենց նկատմամբ՝ շեշտադրում կատարելով հարկադրաբար ՀՀ բուհերում հայտնվելու և իրենց ներկայությամբ ավելորդ խնդիրներ հարուցելու հանգամանքի վրա»,–գրել է նա։
Թեմայի առնչությամբ Թովմասյանը խոսել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ։
«Պայմանավորվեցինք, որ վերջինս խստորեն պահանջի դասախոսական կազմից արցախցի երիտասարդների հանդեպ լինել հարգալից, ընդգծել, որ նրանք արժանի են իրենց հայրենակիցների կողմից հավասար վերաբերմունքի»,–գրել է նա։
Թովմասյանն ընդգծել է, որ ամենօրյա ռեժիմով հետևողական է լինելու ոչ միայն ԵՊՀ-ում, այլև ՀՀ բոլոր բուհերում նմանատիպ խնդիրների բարձրաձայնմանը և կարգավորմանը։
Ո՞ր քոլեջներում և ուսումնարաններում Արցախի ուսանողները կարող են շարունակել ուսումը. ցանկ
Նա խոստացել է նման միջադեպերի կրկնության դեպքում հանրայնացնել անթույլատրելի վարքագիծ ցուցաբերած դասախոսների անուն-ազգանունները։