Փաշինյանին ներկայացվեցին քրեական, համայնքային ոստիկանության և գվարդիայի ստեղծման նախագծերը

ՀՀ վարչապետին է ներկայացվել նաև ՀՀ պարեկային ոստիկանության կողմից մարզերում շահագործվելիք տրանսպորտային միջոցի նոր տարբերակը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանությունում կարևոր է բարեփոխումների հետևողական և արդյունավետ իրականացումը։ ՀՀ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Նշվում է, որ խորհրդակցության ժամանակ քննարկվել են ոստիկանության բարեփոխումների հետագա ծրագրերը, վարչապետը հանձնարարել է գործընթացը շարունակել նաև միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ։
Խորհրդակցություն ՀՀ կառավարությունում
Մասնավորապես, Փաշինյանին են ներկայացվել քրեական, համայնքային ոստիկանության և ՀՀ ոստիկանության գվարդիայի ձևավորման նախագծերը:
«Անդրադարձ է կատարվել վերոնշյալ մարմինների գործունեության հիմնական ուղղություններին, կառավարման սխեմային, կառուցվածքներին: Քննարկվել են նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ներքո գործող ՊՈԱԿ–ների գործունեությանը վերաբերող հարցեր.,– նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ վարչապետին է ներկայացվել նաև ՀՀ պարեկային ոստիկանության կողմից մարզերում շահագործվելիք տրանսպորտային միջոցի նոր տարբերակը:
ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը խորհրդակցության ժամանակ
Հիշեցնենք, որ 2023 թ. հոկտեմբերի 12–ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հայտարարեց, որ հոկտեմբերի վերջին ոստիկանության պարեկային ծառայությունը կգործի Հայաստանի ամբողջ տարածքում։ Այդ նպատակով ընդհանուր առմամբ ներգարվվել է 75 «Շկոդա» մակնիշի ամենագնաց։