ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լևոն Քոչարյանին, ազատ արձակեցին։ Նա դուրս եկավ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լևոն Քոչարյանը պատգամավորի մանդատ է ստացել։ Նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտարարել է, որ իրենք հրաժարվել են կալանավորման վերանայման բողոքից, քանի որ Լևոն Քոչարյանն ազատության մեջ է հայտնվելու իրավունքի ուժով, հետևաբար կալանքի հիմքերի մասով բողոքը դառնում է առարկայազուրկ։ Լևոն Քոչարյանի կալանքը վերացվեց հսկող դատախազի որոշմամբ։
Նրան դիմավորելու էին եկել փաստաբանները, հարազատներն ու աջակիցները։
Լևոն Քոչարյանն ազատ արձակվեց
© Photo : Stringer
Հիշեցնենք` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը հոկտեմբերի 23-ին վայր էր դրել պատգամավորական մանդատը։ Նոյեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակով հերթական համարները` պատգամավորի թեկնածուներ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը, դիմել են ԿԸՀ` ներկայացնելով ինքնաբացարկի դիմումներ: Ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուն Լևոն Քոչարյանն էր։
Լևոն Քոչարյանը կալանավորված էր սեպտեմբերից։
Ըստ ներկայացված մեղադրանքի` նա սեպտեմբերի 22-ին խաղաղ ցույցի ժամանակ նա չի կատարել կարմիրբերետավորների` ճանապարհը բացելու օրինական պահանջը և բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ, այնինչ նույն օրը Լևոն Քոչարյանին բերման ենթարկելիս իրավապահները այնպես են հարվածել նրան, որ փակ գանգուղեղային վնասվածք է ստացել։