Գազայի հատվածում կապն ու ինտերնետը վերականգնվել են․ Կարմիր մահիկ

Գազայի հատվածը իսրայելյան հրետակոծության ժամանակ. Արխիվային լուսանկար
Գազայի հատվածը շարունակում է Իսրայելի կողմից շրջափակման մեջ մնալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերությունը (PRCS) այսօր հայտնել է Գազայի հատվածի տարածքում ինտերնետի և կապի վերականգնման մասին:
Նոյեմբերի 5-ին պաղեստինյան Paltel հեռահաղորդակցական ընկերությունը հայտնել էր, որ կապի ծառայությունները և ինտերնետը Գազայի հատվածում կրկին դադարել են գործել: ՄԱԿ-ի՝ պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալությունը հայտարարել է Գազայի հատվածում իր աշխատակիցների մեծ մասի հետ կապի կորստի մասին:
«Որոշ ժամանակ առաջ Գազայի հատվածում հեռահաղորդակցության կապի միջոցների ու ինտերնետ-ծառայությունների աշխատանքը վերականգնվել է այն բանից հետո, երբ միտումնավոր անջատվել են իսրայելական իշխանության կողմից», - նշված է պաղեստինյան Կարմիր մահիկի հայտարարության մեջ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։