Բռնի տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար արտահերթ են սպասարկվում. Ղազարյան

Արմեն Ղազարյան
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը վստահեցնում է, որ տեղահանվածներին ՀՀ անձնագիր տրամադրելու գործընթացը մաքսիմալ հեշտացված է լինելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար արտահերթ են սպասարկվում անձնագրային բաժիններում։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
ՆԳՆ ավելի վաղ հայտնել էր, որ արցախցիները նոյեմբերի 6-ից կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնել։
«Երևանի անձնագրային բաժիններում մենք ներդրել ենք էլեկտրոնային հերթագրման համակարգ, բայց ԼՂ–ից բռնի տեղահանվածներին սպասարկում են արտահերթ` էլեկտրոնային համակարգից դուրս»,–նշեց նա` ընդգծելով, որ տեղահանվածներին ՀՀ անձնագիր տրամադրելու գործընթացը լինելու է մաքսիմալ հեշտացված։
Ինչ վերաբերում է ԼՂ բնակիչների կապույտ անձնագրերին, ապա Ղազարյանը պարզաբանեց, որ դրանք տրամադրվել են որպես ճամփորդական փաստաթուղթ, ոչ թե որպես քաղաքացիության հավաստում: Այդ անձնագրերի տրամադրումը կշարունակվի, եթե մարդիկ ունեն ժամկետի խնդիր, վնասել են կամ կորցրել դրանք։
Ծառայության պետը նշեց` ՀՀ քաղաքացիություն ստանալը չի խանգարի, որ ԼՂ–ից բռնի տեղահանվածները միջազգային ատյաններ դիմեն ունեցվածքի փոխհատուցման և իրենց բնակության վայր վերադառնալու համար։
«Դրանք անձի հետ անխզելիորեն կապված իրավունքներ են և կապված չեն զուտ իրավական կարգավիճակի հետ, այլ անձի հետ տեղի ունեցած իրադարձությունների»,– ասաց նա։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։