ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ–ն պատրաստ է աջակցել ՀՀ զինված ուժերի պրոֆեսիոնալացմանը, պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ամրապնդմանը, ղեկավարման համակարգի արդիականացմանը, խաղաղապահությանը, ռազմական բժշկությանը, ռազմական կրթությանն ու մարտական պատրաստությանը, վարժանքներին և այլն։ Այս մասին ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Սթիվեն Բաշամը հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի 1–ին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ–լեյտենանտ Էդվարդ Ասրյանի հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Սթիվեն Բաշամն ու ՀՀ պաշտպանության նախարարի 1–ին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ–լեյտենանտ Էդվարդ Ասրյանը
© Photo : press office of MoD of RA
Ասրյանը ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրավերով նոյեմբերի 1–3–ը Շտուտգարտում այցելել է տեղակայված ԱՄՆ եվրոպական հրամանատարության կենտրոնակայան, որտեղ հանդիպել է Սթիվեն Բաշամի հետ։
Էդվարդ Ասրյանն իր հերթին ներկայացրել է ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ և դրանց ընթացքում ԱՄՆ–ից ակնկալվող աջակցությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ–ամերիկյան ռազմական համագործակցության զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Սթիվեն Բաշամն ու ՀՀ պաշտպանության նախարարի 1–ին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ–լեյտենանտ Էդվարդ Ասրյանը
© Photo : press office of MoD of RA
Այցի շրջանակում գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է նաև Հոհենֆելսում տեղակայված Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի միացյալ բազմազգ պատրաստության կենտրոն (Joint Multinational Readiness Center–JMRC) և սերժանտական ակադեմիա (NCO Academy):