ԼՂ–ում զոհված խաղաղապահների ընտանիքները մեկական միլիոն ռուբլի կստանան

ՌԴ խաղաղապահները Արցախում. Արխիվային լուսանկար
Ռուս քաղաքական գործչի խոսքով` Ռուսաստանը պետք է հնարավոր ամեն բան անի, որ զոհվածների ընտանիքներն իրենց դժվարությունների հետ միայնակ չմնան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում զոհված ՌԴ խաղաղապահների ընտանիքները Ռուսական խաղաղության հիմնադրամից 1 մլն ռուբլու չափով աջակցություն կստանան: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով հիմնադրամի վարչության նախագահ, Ռուսաստանի լիբերալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին:
«Լեռնային Ղարաբաղում զոհված խաղաղապահների ընտանիքները 1 միլիոն ռուբլու օգնություն կստանան Ռուսական խաղաղության հիմնադրամից։ Սեպտեմբերի 20-ին մեր զինծառայողները գնդակոծվել և սպանվել են։ Մենք պարտավոր ենք աջակցել նրանց ընտանիքներին։ Ողբերգությունից անցել է մեկ ամիս, բայց մենք թույլ չենք տա, որ դրա մասին մոռանան։ Խաղաղության հիմնադրամն իմ անձնական վերահսկողության ներքո կշարունակի օգնել խաղաղապահների հարազատներին»,– գրել է Սլուցկին։
Քաղաքական գործիչը շեշտել է, որ Ռուսաստանը պետք է ամեն ինչ անի, որ հերոսների ընտանիքները միայնակ չմնան իրենց դժվարությունների հետ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին, ԼՂ Ճանկաթաղ բնակավայրի շրջանում ՌԴ խաղաղապահներին տեղափոխող մեքենան հրաձգային զինատեսակներից գնդակոծության էր ենթարկվել ադրբեջանցիների կողմից, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ռուս զինծառայողները զոհվել էին։