Փուռը կմեծացնի, հացերի տեսականին կավելացնի, թոնիր կունենա, գաթա, փախլավա էլ կթխի, Դիլիջանում իսկական արցախյան շունչ կբերի։ Ապագայի համար այսպիսի ծրագրեր ունի Արցախից բռնի տեղահանված ու Դիլիջանում հաստատված 37-ամյա Վիգեն Բաբայանը։ Արդեն մոտ 3 շաբաթ է` նա արցախյան հացի բույրն է տարածում Դիլիջանում։ Ստեփանակերտից ընտանիքի հետ տեղահանվելուց ու այստեղ գալուց հետո որոշեցին ժամանակ չկորցնել. ինչքան շուտ կյանքը զրոյից սկսեն, այնքան արագ ոտքի կկանգնեն։
Ստեփանակերտում էլ Վիգենը հացի փուռ ուներ. աշխատանքը շրջափակման ժամանակ էր սկսել։ Մինչ այդ ապահովագրական ընկերություններից մեկի գործակալ էր։ Քանի որ շրջափակման ժամանակ վառելիք չկար, հետևապես մեքենաների ապահովագրության գործ էլ չկար։ Այդպես կնոջ եղբոր առաջարկով սկսեց թոնրի հաց թխել։
Վիգեն Բաբայանի փուռը Դիլիջանում
© Sputnik / Aram Nersesyan
«Մեկ–մեկ ալյուր չլինելու պատճառով չէինք աշխատում, 1-2 օր հետո էլի ալյուրը տալիս էին, աշխատում էինք։ Ծանր է, չեմ էլ ուզում հիշել... Հացը վերջանում էր, բայց հլը հերթը կանգնած էր, շատ դժվար էր, շատ, չէինք իմանում` ինչ անել։ Ամբողջ գիշեր, սուտկեքով անգամ կանգնում էին հացի հերթում։ Շատ է եղել, որ ես էլչեմ կարողացել տուն հաց տանել։ Ամեն աշխատողի երկու հաց էինք տալիս, լինում էր` պետք ա դուրս գայի, մեկ էլ երեխեն գրկած կին էր գալիս, հաց ուզում, նրան էի տալիս»,– հիշում է Վիգենը։
Արցախում թողեցին Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղում հայրական տունը, մշակվող հողատարածքը, հացի փոքրիկ բիզնեսը, վերցրեցին հիշողությունները, ճանապարհի համար ծածկոցներ, երեխաների համար մի երկու ձեռք հագուստ և հնդկաձավար։
«Արդեն ալյուր չկար, հաց չկար։ Կինս վերցրեց ղազանն ու հում գրեչկան, ճանապարհին եփում էր, բաժանում տարբեր երեխեքի, առանց հացի ուտում էին»։
Հայաստան հասնելուց հետո ուղիղ Դիլիջան եկան։ 2020 թվականին էլ, երբ տեղահանվել էին, էլի Դիլիջանի հյուրանոցներից մեկում էին ապաստան գտել։ Այս անգամ հյուրանոցի տերն ինքը զանգահարեց ու առաջարկեց ուրիշ տեղ չգնալ, միանգամից իրենց մոտ գալ։ Մի քանի օր այնտեղ մնացին, հետո բնակարան վարձեցին 170 հազար դրամով։ Բնակարանում ապրում են Վիգենը, կինը և երկու երեխաները` 2-ամյա դուստրն ու 12-ամյա որդին, որն արդեն «Այբ» դպրոցում է սովորում։ Կենտրոնական բանկը սուբսիդավորում է յուրաքանչյուր դասարանից 2 արցախցի երեխայի ուսման վարձավճար։ Քննության արդյունքներով մեկը Վիգենի որդին դարձավ։ Հաջորդ քայլը փուռ գտնելն էր։ Տարածքի տերն առաջին ամսվա համար վարձակալության գումար չի ուզել, խոստացել է նաև թոնիր տեղադրել, որ արցախյան հացն իսկական ավանդական ձևով թխվի` թոնրի մեջ։ Արդեն նաև ժենգյալով հաց են թխում։
Արցախյան հացը Դիլիջանում
© Sputnik / Aram Nersesyan
Վիգենի սկսած փոքրիկ գործը կամաց–կամաց մեծանում է. սկսել են օրական 80-90 հատ հացով, հիմա արդեն 300-350 հաց է օրական սպառվում։
«Չէի սպասում, խանութներում էլ շատ լավ ընդունեցին։ Արդեն մշտական հաճախորդներ ունենք, որ օրվա ընթացքում կարող է մի քանի անգամ էլ հաց գնելու գան»։
Առայժմ հացի փռում աշխատում են ընտանիքով և մեկ էլ շուշեցի 22-ամյա Մխոն, որին ևս իրենց ընտանիքի անդամն են համարում (Մխոն ոչ մի հարազատ չունի)։ Վիգենը հստակ նպատակ ունի` բիզնեսը մեծացնել և նոր աշխատողներ ընդունել։ Ասում է` առաջնահերթությունն արցախցիներին է տալու. և՛ նրանք ավելի լավ ծանոթ են այս հացին, և՛ այս պահին այդ աշխատանքի կարիքն ավելի շատ ունեն։
Շուշեցի Մխոն փռում
© Sputnik / Aram Nersesyan
Հացի փռին զուգահեռ Վիգենը կրկին ապահովագրական գործակալի աշխատանքին է վերադարձել։
«Աշխատող մարդն ամեն տեղ էլ պետք է կարողանա ոտքի կանգնել, անապատում էլ լինես, կկարողանաս մի բան ստեղծել, հայն էդպիսին է»,– ասում է Վիգենը։
Վերջերս մեկ ազատ օր է ունեցել, որի ընթացքում ընտանիքի հետ բացահայտել են շրջակայքը, եղել Հաղարծինում, անտառներում զբոսնել ու դրանից հետո որոշել` Դիլիջանից այն կողմ ուրիշ ոչ մի տեղում չեն ապրելու։ Եթե Դիլիջանում չմնան, ուրեմն Հայաստանում էլ չեն մնա։ Միակ բացառությունն Արցախն է, որտեղ վերադառնալու հույսն ընտանիքը չի կորցնում։