Չադը խորհրդակցությունների համար հետ է կանչում Իսրայելում գործերի հավատարմատարին. ԱԳՆ

Չադի դրոշը
Արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ Չադը դատապարտում է Գազայի հատվածում բազմաթիվ խաղաղ բնակիչների մահը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Չադը Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի ֆոնին որոշում է կայացրել հետ կանչել Իսրայելում իր գործերի հավատարմատարին՝ խորհրդակցությունների համար: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին։
Նախարարությունում նշել են, որ Չադը ուշադրությամբ և մտահոգությամբ է հետևում Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, մասնավորապես՝ Գազայի հատվածում աննախադեպ բռնություններին:
«Չադը դատապարտում է բազմաթիվ անմեղ խաղաղ բնակիչների մահը։ Որպես հետևանք՝ Չադը որոշում է կայացրել խորհրդակցությունների համար հետ կանչել Իսրայելում գործերի իր հավատարմատարին», - նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Արտաքին քաղաքական գերատեսչությունն ավելացրել է, որ Չադը կոչ է անում հրադադար հաստատել պաղեստինյան հարցի երկարաժամկետ լուծում գտնելու համար:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Բողոքի ակցիա Թուրքիայում ԱՄՆ ավիաբազայի մոտ. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել