Բողոքի ակցիա Թուրքիայում ԱՄՆ ավիաբազայի մոտ. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել

Բողոքի ակցիա Թուրքիայում ԱՄՆ ավիաբազայի մոտ
Գազայի հատվածում էսկալացիայի ֆոնին ցուցարարները պահանջում են փակել ավիաբազան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Թուրքիայի ոստիկանությունը Ադանայում արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարների դեմ, որոնք փորձել են ներթափանցել ԱՄՆ-ի «Ինջիրլիք» ռազմաբազա։ Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
«Ազատության ավտոշարասյուն Պաղեստինի համար» խորագրով ակցիան նախաձեռնել է թուրքական մարդասիրական օգնության «Մարդու իրավունքներ և ազատություններ» հիմնադրամը (IHH): Ավտոշարասյունը դուրս է եկել Ստամբուլից և նոյեմբերի 5-ին հասել է Ինջիրլիք բազա, որտեղ տեղակայված են ամերիկացի զինվորականները։ Նրանց միացել են մեքենաներ, որոնք իրենց նախաձեռնությամբ ժամանել են այլ քաղաքներից։
Ցուցարարները պահանջում են փակել ավիաբազան Գազայի հատվածում իրավիճակի սրման ֆոնին։
Ակցիան խաղաղ էր ընթանում, ոստիկանները մինչ այդ փակել էին մի շարք ճանապարհներ, սակայն ինչ-որ պահի մի խումբ ցուցարարներ փորձել է մուտք գործել բազա:
«Ոստիկանները ցուցարարներին խանգարելու համար արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել», - նշված է հաղորդագրության մեջ:
Բողոքի ակցիա Թուրքիայում ԱՄՆ ավիաբազայի մոտ
Նշենք, որ Թուրքիայի հարավում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազան օգտագործում են ամերիկյան ռազմաօդային ուժերը։ ԱՄՆ զինված ուժերը նաև ապահովում են հրթիռային հարձակման մասին վաղ ազդարարման ռադիոլոկացիոն կայանի աշխատանքը, որը գտնվում է Մալաթիա նահանգի Կյուրեջիկ շրջանում և մտնում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի մեջ: