ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Նեպալին` տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ։ Ցավակցագիրը հրապարկված է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության «X»–ի պաշտոնական էջում։
«Խորապես վշտացած ենք Նեպալում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի լուրից, որը մարդկանց մահվան պատճառ դարձավ և մարդկային տառապանքներ պատճառեց»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հայ ժողովուրդն աղոթում է Նեպալի ժողովրդի համար, որ նրանք կարողանան հաղթահարել բնական աղետի պատճառած ավերածությունները:
Նշենք, որ Հնդկաստանի և Նեպալի սահմանին նոյեմբերի 4-ին 6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Նյու Դելիում, Կատմանդուում և այլուր։ ՌԻԱ Նովոստիի վերջին տեղեկություններով Նեպալի հյուսիս–արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 157 մարդ է զոհվել, ավելի քան 160 մարդ տուժել։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Դրանց իրականացմանը խանգարում է տեղանքի լեռնային ռելիեֆը։