ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Թուրքիան հետ է կանչում Թել Ավիվում Անկարայի դեսպան Շաքիր Թորունլարին՝ Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված խորհրդակցությունների համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը։
«Որոշվել է Թել Ավիվում մեր դեսպան Շաքիր Օզքան Թորունլարին հետ կանչել խորհրդակցությունների համար, քանի որ Գազայի հատվածում մարդասիրական աղետ է, որն առաջացել է խաղաղ քաղաքացիների վրա Իսրայելի շարունակական հարձակումների և կրակի դադարեցման կոչերը մերժելու ու հումանիտար օգնության անխափան մատակարարումները չապահովելու պատճառով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Թորունլարը Իսրայելում Թուրքիայի դեսպան է նշանակվել 2022 թվականի նոյեմբերին՝ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո։ Նա նախկինում Թուրքիայի դեսպանն է եղել Պաղեստինում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հայտարարել է, որ Անկարան համապատասխան աշխատանքներ է տանում Իսրայելին «ռազմական հանցագործ» ճանաչելու ուղղությամբ։ Այսօր նա նաև նշել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին այլևս չի համարում իր զրուցակիցը։ Միաժամանակ Էրդողանն ընդգծել է, որ անհնար է ամբողջությամբ խզել հարաբերությունները, հատկապես միջազգային դիվանագիտությունում, այդ պատճառով էլ թուրքական հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընը պահպանում է Թել Ավիվի հետ շփումները։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։