ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանն իր օպերատիվ ռազմական պլանավորման մեջ հաշվի կառնի միջուկային զենք կրելու հնարավորությամբ ամերիկյան F-35 կործանիչների նախապատրաստվող տեղափոխումը Մեծ Բրիտանիա և անհրաժեշտ ռազմատեխնիկական նախազգուշական միջոցներ կձեռնարկի։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
«Սա Ռուսաստանի վրա ռազմական ճնշումն ուժեղացնելու շարունակությունն է։ Եթե նայենք ընդհանուր ՆԱՏՕ-ի գործունեությանը, ապա կտեսնենք նաև զորավարժությունների խտացում, դրանց մասշտաբի ավելացում, առաջիկա ամիսների համար զորավարժությունների նոր շարք է կազմակերպվում. դա Ռուսաստանի զսպման քաղաքականության մի մասն է, ուստի բոլոր անհրաժեշտ ռազմատեխնիկական նախազգուշական միջոցները կձեռնարկվեն»,-ասել է Գրուշկոն։
Բրիտանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ ամերիկյան F-35A ինքնաթիռները մինչև տարեվերջ կտեղակայվեն Բրիտանական «Լեյքենհիթ» ավիաբազայում` այնտեղ գտնվող F-15 կործանիչների փոխարեն: