Գայանե Վանեսյանն ու նրա 11-հոգանոց ընտանիքն առաջիններից մեկը դուրս եկավ Ստեփանակերտից։ Գայանեի հիմնական մտավախությունը որդիների հետ էր կապված․ նրանցից մեկը վերջին օրերին դիրքերում էր եղել, ստիպել էին զենքը վայր դնել, ապա հանձնել, իսկ մյուս երկու տղաները շրջափակման մեջ էին ընկել ու մի կերպ էին կարողացել դուրս գալ, ողջ մնալ։
Հիմնական խնդիրը Լաչինի միջանցքն անցնելն էր, որդիներին ՀՀ տեղափոխելը։ Անցան։ Բնակություն հաստատեցին Սիսիանի Աղիտու համայնքում։ Թվում էր` կարողացան ավելի ապահով տեղում լինել։ Չգիտեին, որ 2020 թվականից հետո Աղիտու համայնքը դարձել է սահմանամերձ (գտնվում է Իշխանասարի ստորոտին` թշնամու ուղիղ նշանառության տակ), սկեսուրի տունն էլ, որտեղ տեղավորվեց Գայանեի բազմանդամ ընտանիքը, պարզվեց՝ զուրկ է ապրելու տարրական պայմաններից։
Տունը, որտեղ բնակություն է հաստատել Գայանեի ընտանիքը
© Sputnik / Asatur Yesayants
Տարիներ շարունակ մոռացության մատնված այս կառույցը հազիվ է կանգուն մնում, տաքացվում է փայտի վառարանով, բայց սենյակներում տաք չէ, որովհետև կիսավեր պատուհաններից անընդհատ քամի է փչում։
Տունը, որտեղ բնակություն է հաստատել Գայանեի բազամանդամ ընտանիքը
© Sputnik / Asatur Yesayants
Երազում են, որ հանկարծ անձրև չգա, թեև դրա համար էլ ճարահատյալ լուծում ունեն` անձրևաջուրը դուրս են բերում թասերով ու մեծ ամաններով։
Գայանե Վանեսյանը
© Sputnik / Asatur Yesayants
«Գիշեր–ցերեկ աշխատում ենք, բայց ծայրը ծայրին հասցնելը շատ դժվար է, անգամ մաքրություն ապահովելն է շատ դժվար այս տանը։ Դրանից եմ ամենից շատ նեղվում. անընդհատ ծխի, մրի մեջ ենք։ Ջարդված պատուհաններից անձրևը ներս է լցվում… Ոչ մի հարմարություն չկա… Ահուդողով ենք պատկերացնում, որ դիմացը ձմեռ է»,– սրտնեղում է Գայանեն։
Տունը, որտեղ բնակություն է հաստատել Գայանեի ընտանիքը
© Sputnik / Asatur Yesayants
Պետության առաջարկած ժամանակավոր կացարանից չեն օգտվել` մտածելով, որ ավելի ապահով կլինի իրենց սեփական տանն ապրել, որը հետո նորից ստիպված չեն լինի լքել։ Բանն այն է, որ Գայանեն 3 անգամ է տուն կորցրել։ Արցախյան առաջին պատերազմի օրերին Ստեփանակերտում կորցրեց հայրական տունը, 1994 թ. զինադադարից հետո տեղափոխվեցին Շուշի, ամուսնացավ, երեխաներ ու թոռներ ունեցավ։ Այստեղից էլ 44–օրյա պատերազմի օրերին մի կերպ հասան Սիսիան։ Պատերազմից հետո հույսով նորից վերադարձան Արցախ` Ստեփանակերտ, նորից տուն–տեղ դրեցին։ Հիմա նորից Սիսիանում են` անորոշ, անհեռանկար։
Տունը, որտեղ բնակություն է հաստատել Գայանեի ընտանիքը
© Sputnik / Asatur Yesayants
Այս պահին նրա ամուսինն ու որդիներն աշխատանք են փնտրում, փորձում են համակերպվել նոր պայմաններին, սակայն դեռ ոչ մի հարմար տարբերակ չեն գտել։
Աղիտու համայնքի ղեկավար Ավետիս Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ տեղյակ է ընտանիքի վիճակի մասին, թե՛ ինքը, թե՛ համագյուղացիները փորձում են ամեն ինչով օգտակար լինել նրանց։
Ավետիսյանի խոսքով` ընտանիքը սկզբում կամուկացի մեջ էր` տեղափոխվե՞լ պետության առաջարկած ժամանակավոր կացարան, թե՞ մնալ այդ տանը։
«Տանիքի խնդիր ունեն, հարևանների օգնությամբ մի փոքր հատվածը կարողացանք փակել։ Համագյուղացիները նաև օգնում են Գայանեի ամուսնուն` Արմենին, որ տան մի հատվածն էլ կարողանա վերանորոգել։ Ես ինքս էլ կգնամ, կհետաքրքրվեմ` ինչ փուլի հասան»,– վստահեցրեց համայնքապետը։
Ավետիսյանի խոսքով` նրանց ընտանիքը գրանցված է և՛ համայնքապետարանում, և՛ մարզպետարանում, ինչ հարցով դիմում են, օգնություն ստանում են։
Գայանե Վանեսյանի թոռնիկները
© Sputnik / Asatur Yesayants
Ինչ վերաբերում է աշխատանքի տեղավորմանը, ապա Ավետիսյանի տեղեկացրեց, որ Տաթև–Լծեն ճանապարհը իրենց գյուղի մոտով է անցնում, ունեն բանվորների կարիք, բայց դեռ ոչ մեկը ցանկություն չի հայտնել աշխատելու։ Բացի այդ, գյուղի խմելու ջրի խողովակների փոխարինման աշխատանքներն էլ շուտով կսկսվեն, և կապալառուն կրկին աշխատակիցների կարիք ունի ու հենց գյուղից է ուզում մարդկանց գործի վերցնել։
«Կառաջարկենք Արմենին, տեսնենք` ձեռքից ինչ է գալիս։ Այնպես որ աշխատանք միշտ էլ կա, միայն 6–7 հազար դրամ օրավարձով աշխատելու ցանկություն լինի»,– ընդգծեց համայնքապետը։
Գայանեի ընտանիքն օգտվում է նաև պետության աջակցության ծրագրերից, թեև ամուսինը, օրինակ, 100-հազարական դրամը դեռ չի ստացել, քանի որ նրա բանկային քարտը ժամկետանց է, իսկ նորը վերցնելու համար պետք է հասնի Երևան։
Գայանե Վանեսյանն ամեն վայրկյան կարոտում է Արցախը, այնտեղի իր տունը, բայց ասում է՝ չի վերադառնա, եթե պիտի ապրի ադրբեջանցիների հետ։
Գայանե Վանեսյան
© Sputnik / Asatur Yesayants
«Ես իրենց հետ չեմ ապրի։ Ընդհանրապես։ Ես երեխա եմ եղել, մեր հարևաններն ադրբեջանցի են եղել, բայց այսքան բանից հետո սարսափելի է պատկերացնել նրանց հետ հարևանությամբ ապրելը։ Անձամբ ես հետ չեմ գնա»,– ասում է Գայանեն։
Գայանե Վանեսյան
© Sputnik / Asatur Yesayants
Աղիտուում այս պահին արցախցի յոթ ընտանիք կա, որոնցից 3–ը, այդ թվում` Գայանեի ընտանիքը, եկել են 2023 թ. սեպտեմբերի 19–ից հետո, մյուս 4–ը` 2020 թ. 44–օրյա պատերազմից հետո։ Համայնքում ընդհանուր առմամբ 480 մարդ է ապրում։