ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարությունը ՔՊ–ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդու` ԱԱԾ մեկուսարանի պետ Արման Մելքոնյանի նկատմամբ կարգապահական տույժ` «խիստ նկատողություն» է կիրառել: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` նշելով, որ պատճառը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ կատարվածն է:
Ավելի վաղ թերթը գրել էր, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության արդեն նախկին պետ Սերգեյ Ատոմյանին հեռացրել էին պաշտոնից, որովհետև օգոստոսի 1-ին ԱԱԾ մեկուսարանից Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին տեղափոխվելու ճանապարհին Տոնոյանին թույլատրվել էր կարճ տեսակցել մորը։ Արդարադատության նախարարության վերահսկողական վարչությունն էլ դեպքի վերաբերյալ ծառայողական քննություն էր սկսել:
Պարբերականը նշում է՝ պաշտոնապես տեղեկացել է, որ ծառայողական լիազորությունները վերազանցելու համար արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արման Մելքոնյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը։
Թերթը հիշեցնում է, որ Արման Մելքոնյանը ոչ միայն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին է, այլև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հովանավորյալը: