ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Հայաստան համահայկական հիմնադրամի ծրագրերով հայ–ադրբեջանական սահմանին գտնվող Ներքին Խնձորեսկ գյուղում կառուցվում են տիպային տներ, որոնք կտրվեն բնակարանային խնդիր ունեցող ընտանիքներին։ Այս ծրագրի աշխատանքներին ծանոթացել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը` այցելելով Ներքին Խնձորեսկ գյուղ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՀՀ նախագահին դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը և Հայաստան համահայկական հիմնադրամի փոխնախագահ Արարատ Խլղաթյանը։
Խաչատուրյանը շրջել է նաև գյուղում, այցելել գյուղի մանկապարտեզ, զրուցել բնակիչների հետ, պատասխանել նրանց հարցերին և տեղեկացել գյուղ հասնող ճանապարհի և այլ խնդիրների մասին։
Հիշեցնենք, որ Վահագն Խաչատուրյանը Սյունիքում էր նոյեմբերի 1–3–ը, նա այցելել է մարզի խոշոր համայնքներ։ Այս ընթացքում ՀՀ նախագահը խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզպետարանում, այցելել է մարզի նոր կառուցվող մոդուլային զորամասերից մեկը, հանդիպել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Սյունիքում գտնվող բազմազավակ ընտանիքներին, եղել «Sunny Meghri» չրի գործարանում և այլն։