ՀՀ կառավարությունը շահագրգիռ է հայկական շուկայում գերմանական կապիտալի ընդլայնմամբ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի գլխավորած պատվիրակությանը։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի գլխավորած պատվիրակությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը շահագրգիռ է հայկական շուկայում գերմանական կապիտալի ընդլայնմամբ: Այդ մասին նշվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, հայտնում են վարչապետի աշխատակազմից:
«Շատ ուրախ եմ, որ տեսնում ենք մեր տարածաշրջանում Գերմանիայի կողմից ավելի շատ ներգրավվածություն, նաև մեր հարաբերություններում առկա է նոր դինամիկա»,– ասել է Փաշինյանը։
Նշվում է, որ զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Գերմանիայի միջև տնտեսական կապերի հետագա զարգացման ու ամրապնդման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել էներգետիկայի և այլ ուղղություններով փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորությունների շուրջ:
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, դրա հաղթահարման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերին:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի գլխավորած պատվիրակությանը։
Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ–ԵՄ համագործակցության և դրա հետագա ընդլայնման շուրջ: Անալենա Բերբոքը նշել է, որ Գերմանիայի կառավարությունը և ԵՄ–ն պատրաստ են հետագայում ևս անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել ՀՀ կառավարությանը` ժողովրդավարական բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է խաղաղությանը միտված գործընթացում Գերմանիայի և կանցլեր Օլաֆ Շոլցի անձնական ներդրումը:
Տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համատեքստում երկուստեք ընդգծվել է նաև Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության գործունեության կարևորությունը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը ավելի վաղ հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Վաղը նա կմեկնի Ադրբեջան։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի գլխավորած պատվիրակությանը։