Հայտնի են «Հայկական Ռոմանսիադա» 4–րդ ամենամյա մրցույթի հաղթողները

Ռիտա Պետրոսյան
Մասնակիցները ցուցադրեցին ռուսական և ազգային ռոմանսի կատարման տարբեր ոճերի կատարումներ՝ ակադեմիական, ժամանակակից և այլն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. «Հայկական Ռոմանսիադա» 4-րդ ամենամյա մրցույթի արդյունքներն ամփոփվել են, հայտնի են հաղթողները։ Մրցութային երկու փուլերի արդյունքում մրցանակակիրներ են դարձել Ռիտա Պետրոսյանը և Ֆերդինանդ Մուրադյանը` 1–ին տեղ, Արփի Սինանյանը և Հովհաննես Օրդանյանը` 2–րդ տեղ, Մերի Միսակյանը և Կարինե Աղաջանյանը` 3–րդ տեղ:
Ժյուրին սահմանել է նաև հատուկ անվանակարգեր. Մերի Միսակյանն արժանացել է «Հայ ռոմանս», Հովհաննես Օրդանյանը` «Ազգային ռոմանս», Կարինե Աղաջանյանը` «Հանդիսատեսի համակրանք» մրցանակներին:
Մրցույթում հնչեցին ռուսական լավագույն ռոմանսներ և հայ կոմպոզիտորների` բոլորի կողմից սիրված ստեղծագործությունները՝ հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի, «Կապելա» ազգային ակադեմիական երգչախմբի, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Երիտասարդական օպերային ծրագրի» կատարմամբ:
Ռիտա Պետրոսյանը և Ֆերդինանդ Մուրադյանը
Մասնակիցները ցուցադրեցին ռուսական և ազգային ռոմանսի կատարման տարբեր ոճերի կատարումներ՝ ակադեմիական, ժամանակակից և այլն:
Ինչպես նշել է Երևանում «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը` «Հայկական Ռոմանսիադայի» հաղթողները մեծ հաջողությամբ հանդես են գալիս Մոսկվայում կայացած հեղինակավոր վոկալ մրցույթի եզրափակիչ փուլում՝ նվաճելով հաղթական տեղեր: Օրինակ` անցյալ տարի «Հայկական Ռոմանսիադայի» հաղթող Վիկտորյա Մելքոնյանը Մոսկվայում զբաղեցրել է առաջին տեղը։
Երեկոյին ներկա էին ՀՀ–ում ՌԴ դեսպանության խորհրդական–դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը, ՀՀ–ում Չինաստանի և Սիրիայի դեսպաններ Ֆան Յունը և Նորա Արիսյանը, մշակութային գործիչներ:
«Հայկական Ռոմանսիադա» 4-րդ ամենամյա մրցույթ
Մրցույթը կազմակերպվել էր «Ռոմանսիադա» ռուսական ռոմանսի արվեստի պահպանման բարեգործական հիմնադրամի և Երևանում «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի կողմից՝ Հայաստանի երաժշտական ընկերության աջակցությամբ, Մոսկվայի կառավարության, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի և ՀՀ Գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Այն առաջին անգամ անցկացվել է 2020 թ.։
Նախագծի նպատակն է ռուսական ռոմանսի՝ որպես երաժշտական արվեստի ուղղություններից մեկի հանրահռչակումը, ինչպես նաև տաղանդավոր արտիստների գործունեության աջակցությունն ու ակտիվացումը: