ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԿԸՀ: Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում։
«Հայտնում եմ, որ լինելով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ և նկատի ունենալով իմ աշխատանքային ու կազմակերպական ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև որոշ այլ հանգամանքներ՝ անձնական որոշում եմ կայացրել, համաձայն որի՝ այս փուլում իմ խորհրդարանական գործունեությունը նպատակահարմար չեմ համարում»,–նշել է նա։
Վարդանյանը հորդորել է իր քայլը դիտարկել պայքարի դաշտում մարտավարական դիրքավորման համատեքստում։
Նշենք, որ օրերս պատգամավորական մանդատից հրաժարվեց «Հայաստան» խմբակցության պատգմավոր Արմեն Չարչյանը: Նա իր այդ քայլը բացատրեց այն հանգամանքով, որ ցանկանում է մասնագիտական ոլորտ վերադառնալ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Չարչյանը կրկին ստանձնել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի պաշտոնը։
Գերասիմ Վարդանյանը «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուների ընտրական ցուցակում 49-րդ համարն էր։ Հաջորդը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին է՝ Լևոն Քոչարյանը։