ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին «հունից դուրս է եկել» ռուս հաքերների հետ զրույցի պատճառով, հեռախոսազանգը կարող է նրա դիվանագիտական խորհրդականի պաշտոն արժենալ, հայտնել է Affaritaliani հարթակը՝ հղում անելով Իտալիայի առաջնորդին մոտ կանգնած աղբյուրներին:
Պարբերականը Վովանի և Լեքսուսի պրանկի հետ կապված իրավիճակն անվանել է «սենսացիոն սխալ, որը Մելոնիին ծաղրի է ենթարկել ռուսների կողմից այնպիսի զգայուն հարցի շուրջ, ինչպիսին ուկրաինական ճգնաժամն է»:
«Ինչպես հայտնում են Affaritaliani.it-ի՝ Մելոնիին շատ մոտ կանգնած աղբյուրները՝ վարչապետը կատարվածի պատճառով հունից դուրս է եկել։ Առաջիկայում միջոցառումներ են սպասվում, և չի բացառվում, որ (Ֆրանչեսկո Մարիա) Տալոն կարող է զրկվել պաշտոնից», - նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ռուս պրանկերները հայտնել էին, որ Մելոնիի հետ խոսել են Ուկրաինայում միգրացիոն խնդրի և հակամարտության մասին՝ ներկայանալով որպես աֆրիկացի բարձրաստիճան պաշտոնյա: Մելոնին դժգոհություն է հայտնել Եվրոպա փախստականների մեծ հոսքի պատճառով, որի հետ Իտալիան ստիպված է ինքնուրույն գործ ունենալ: Նա բողոքել է, որ Եվրամիության երկրներն անտեսում են միգրանտների թվի աճի հետ կապված իրավիճակը քննարկելու Հռոմի փորձերը՝ այդ դիրքորոշումն հիմար անվանելով։ Խոսելով Ուկրաինայի մասին՝ Մելոնին կարծիք է հայտնել, որ հակամարտությունից «ուժեղ հոգնածություն է զգացվում բոլոր կողմերից»:
Քաղաքական գործիչը խոստովանել է, որ ուկրաինական հակահարձակումը չի ընթանում նախատեսված ծրագրերին համապատասխան և սկզբունքային փոփոխություններ չի բերել: Մելոնիի խոսքով՝ Արևմուտքում ըմբռնում կա, որ դիմակայությունը կարող է երկար տարիներ տևել։