ՀՀ սահմանին իմ տեղեկությամբ կուտակումներ չկան. Արշակյանը դրական տեղաշարժ է նկատել

Հակոբ Արշակյանը. Արխիվային լուսանկար
ԱԺ փոխխոսնակը խորհուրդ տվեց ՊՆ զորքերի տեղաշարժի վերաբերյալ բոլոր տեղեկություններինհետևել գերատեսչության հաղորդագրություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության սահմանին այս պահի դրությամբ կուտակումներ չկան։ Այս մասին ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ասաց խորհրդարանի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։
Նրա խոսքով` ասել, որ ամեն ինչ հրաշալի է և որևէ վտանգ չկա, չի կարող, խոսքը վերաբերում այս պահին կուտակումներ չլինելուն։
«Իմ տեղեկություններով` կուտակումներ չկան Հայաստանի շուրջ։ Ռեգիոնում ընդհանուր լարվածություն մեծ հաշվով կա։ Պետք է հաշվի առնել, որ բոլորովին վերջերս թուրք–ադրբեջանական զորավարժություններ էին տեղի ունենում։ Ինչ վերաբերում է այն հարցին` սպառնալիքներ կան, թե ոչ, պետք է արձանագրել, որ հռետորաբանության տեսանկյունից վերջին շրջանում դրական տեղաշարժեր կան։ Դրական տեղաշարժերը վերաբերում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը, օրինակ` այն, որ միջազգային հեղինակավոր մարմինների կողմից բանաձևեր, խորհրդարանների և այլ գերատեսչությունների կողմից էլ հայտարարություններ են ընդունվել»,– ասաց Արշակյանը։
ՊՆ զորքերի տեղաշարժի վերաբերյալ տեղեկությունների մասով նա բոլորին խորհուրդ տվեց հետևել պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրություններին։