ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Գյումրու Կամերային սրահում այսօր տեղի ունեցավ Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը, որի հասույթը կփոխանցվի Արցախից բռնի տեղահանված ու Գյումրիում բնակություն հաստատած ընտանիքների երեխաներին երաժշտական գործիքներով ապահովելուն։
Բարեգործական համերգ Գյումրիում
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Նշենք, որ այս պահին Արցախից Գյումրի տեղափոխված 7 երեխա է հաճախում արվեստի ու երաժշտական դպրոցներ, նրանցից երեքն ունեն երաժշտական գործիքների կարիք։
Վիկտոր Հարությունյանի ընտանիքը Գյումրի է եկել Ստեփանակերտից։ 7–ամյա Վիկտորը Ստեփանակերտում հաճախում էր Սայաթ – Նովայի անվան երաժշտական դպրոց, Գյումրիում Տիգրանյանի անվան դպրոցի սան է։ Դաշնամուր ունենալու լուրը նրան անակնկալի է բերել ու շատ ուրախացրել։
13–ամյա Աշոտ Մաթևոսյանն էլ Մարտունի քաղաքից է, ամենաշատը սիրում է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի գործերը։
«Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց էի հաճախում, արդեն վեցերորդ դասարանում եմ։ Դեռ չգիտեմ` ինչ մասնագիտություն եմ ապագայում ընտրելու, բայց նվագել շատ եմ սիրում»,-ասում է տղան։
Մյուս արցախցին` Ռոքսանան էլ, որն առողջական խնդիրների պատճառով ներկա չէր համերգին, ջութակ կստանա։
Գյումրու համայնքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը հույս հայտնեց, որ մշակութային օջախներ հաճախող արցախցի երեխաների թիվը հետագայում կավելանա։
Հավելենք, որ համերգին հնչեցին Կոմիտասի, Հալաջյանի, Երվանդ Երկանյանի, Էդգար Հովհաննիսյանի, Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ռոբերտ Մլքեյանի և այլ կոմպազիտորների գործեր։ Ի դեպ, համերգին ներկա էր նաև Տիգրան Մանսուրյանը։
Բարեգործական համերգի հանդիսատեսը
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Բարեգործական համերգի ավարտին Լիլիթ Թովմասյանը Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ Ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանին փոխանցեց համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի շնորհակալագիրը և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու խորհրդանշական նկարը։