ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը չինացի գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ շինարարության, ադամանդագործության, տեխնոլոգիական տրանսֆերների, ՏՏ և այլ ուղղություններով։ Տեղեկությունը հայտնում է էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նախարարն այսօր հանդիպել է Չինաստանի խոշորագույն տնտեսական կենտրոն համարվող Ցինդաոյի քաղաքային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի նախագահ Վան Լյումինի գլխավորած պատվիրակության հետ։
«Ներկայացնելով Հայաստանում ստեղծված բարենպաստ գործարար միջավայրը և իրականացվող ներդրումային խոշոր ծրագրերը` այդ թվում՝ արդյունաբերական պարկերի ստեղծման և Հայաստանում «չոր նավահանգստի» կառուցման նախագծերը, Վահան Քերոբյանն առաջարկել է չինական ընկերություններին դիտարկել այդ ծրագրերում ներգրավվելու հնարավորությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը ներկա է եղել է նաև ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։ Անդրադարձել է արվել զբոսաշրջության ոլորտում հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ չվերթերի իրականացմանը։
Հավելենք, որ հոկտեմբերի կեսերին նախարար Քերոբյանն աշխատանքային այցով Չինաստանում էր, որտեղ ևս տարբեր հանդիպումներ են տեղի ունեցել` անդրադառնալով երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցությանը։