ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում։
«Տեղեկացնում եմ ձեզ, որ ՀՀ իշխանություններն իմ դեմ քրեական գործ են հարուցել։ Այդ գործով առաջին դատական նիստը կկայանա 2023թ նոյեմբերի 10-ին` ժամը 16։00, Նոր Նորքի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան 20 հասցեում, 5-րդ դահլիճ, դատավոր Մանվել Շահվերդյան»,– գրել է Բագրատյանը։
Նա դիմել է ԶԼՄ ներկայացուցիչներին` նշելով, որ եթե ցանկանում են մանրամասներ իմանալ, ներկա լինեն դատական նիստին։ Այլ մանրամասներ չի հայտնել։ Գրառման մեկնաբանություններում հետևորդներից մեկը նշել է` պատճառն այն է, որ Բագրատյանն իր ելույթներով սպառնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Նշենք, որ 2021 թվականին Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանն էր դատական հայց ներկայացրել Հրանտ Բագրատյանի դեմ, քանի որ վերջինս հայտարարել էր, թե ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում` նախկին Բարխուդարլիի մերձակայքում։
Մարզային իշխանությունն ու ՊՆ-ն ավելի ուշ կտրականապես հերքեցին այդ տեղեկությունները։