Գրիգորի Խաչատուրովի կալանքի հարցը քաղաքական կաբինետներում է որոշվում. փաստաբան

Փաստաբան Միհրան Պողոսյանը. Արխիվային լուսանկար
Ամիսներ առաջ հանրայնացվեց Խաչատուրովի հրամանը, ըստ որի նա հրամայել էր, որ Տավուշի մարզում ոչ մի հետքայլ չի լինելու հայրենի բնագծերից։ Միգուցե իշխանություններին այս հրամանն է անհանգստացնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Մարտի 16-ից սկսած ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելը քրեական գործով նպատակ չի հետապնդել, դա քաղաքական իշխանությանը ձեռնտու և իրենց կողմից հրահանգված գործողություն է եղել։ Այսօր Գրիգորի Խաչատուրովի գործով դատական նիստի հերթական հետաձգումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Ինչ–ինչ հանգամանքներին, գործողություններին խանգարելու պատճառով, քանի որ վախ են զգում Գրիգորի Խաչատուրովից, փորձում են վերջինիս երկարաժամկետ արգելանքի տակ պահել, որպեսզի իրենց վախերն էդ մասով ապահովագրեն»,– նշեց փաստաբանը։
Ըստ նրա` անցած 8 ամիսների ընթացքում Խաչատուրովի գործով որևէ տեղաշարժ չի եղել, դատական նիստերի ընթացքում քննարկվել է միայն խափանման միջոցի փոփոխության հարցը, ուրիշ ոչինչ։
Թե ինչից է կոնկրետ իշխանությունը վախենում, Պողոսյանի համար դժվար է մեկնաբանել։ Միանշանակ է մի բան, որ Խաչատուրովը ՀՀ բանակի ուժեղ սպա է։
Ըստ նրա` ակնհայտ է, որ Գրիգորի Խաչատուրովին կալանքի տակ պահելը քրեաիրավական ընթացակարգերի շրջանակներում չի իրականացվում։
«Դա քաղաքական ենթատեքստ ու քաղաքական նախաձեռնող ունի, դա որոշվում է քաղաքական կաբինետներում»,– ընդգծեց Պողոսյանը։
Նա հիշեցրեց Գրիգոր Խաչատուրովի` ամիսներ առաջ հրապարակված հրամանը, ըստ որի նա ասել է` Տավուշում ոչ մի հետքայլ չի լինելու: Միգուցե իշխանություններին այս հրամանն է անհանգստացնում։
Փաստաբանը վստահ է, որ իրավական առումով իրենց հաջողվելու է հասնել Խաչատուրովի ազատությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանը կրկին հետաձգեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովի և մյուսների վերաբերյալ քրեական գործի քննությունը։
Հիշեցնենք` փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվեց։
Դատախազությունը միջնորդություն ներկայացրեց նրան կալանավորելու համար։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժեց միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։
Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք ներկայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարան Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:
Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացրեց։