Եգիպտոսը հայտարարել է մոտ 90 վիրավոր պաղեստինցիների անցման համար անցակետի բացման մասին

«Ռաֆահ»-ով կանցնեն նաև այլ քաղաքացիական անձինք։
Sputnik
Եգիպտոսը հայտարարել է «Ռաֆահ» անցակետի տերմինալի բացման մասին, որպեսզի երկիր թողնեն մոտ 90 վիրավոր պաղեստինցիների և 450 օտարերկրացիների։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով AFP-ին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ առաջին օտարերկրացիները հատում են Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև գտնվող «Ռաֆահ» անցակետը:
«Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են «Ռաֆահ» տերմինալի բացառիկ բացման մասին, որպեսզի թույլ տան մոտ 90 վիրավոր պաղեստինցիների և մոտ 450 երկքաղաքացիների ու օտարերկրացիների անցումը»,-ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։