Ոչ նպատակահարմար գործուղում. ԿԳՄՍՆ–ն պատասխանել է Թումանյանի թանգարանի նախկին տնօրենին

Անի Եղիազարյան
Աշխատանքից ազատված Անի Եղիազարյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետհրապարակային հանդիպում էր խնդրել, բայց գերատեսչությունը նրան հրապարակային գրավոր պատասխան է հղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսդրությունը, այդ պատճառով էլ հեռացվել է աշխատանքից։ Այս հայտարարությունը տարածել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը
Եղիազարյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ ինքն աշխատանքից հեռացվել է արտերկիր աշխատանքային այց կատարելու համար` առանց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանի։ Նա նշել էր, որ կատարվածի վերաբերյալ զրուցելու համար ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հրապարակային հանդիպում է խնդրում, քանի որ մի ամբողջ օր անցկացրել է նախարարի ընդունարանում՝ ժամ վերցնելու խնդրանքով, բայց այդ հնարավորությունն այդպես էլ չի ունեցել։
Գերատեսչության պարզաբանման մեջ ասվում է, որ Եղիազարյանը 2023 թ. սեպտեմբերի 5-ի գրությամբ դիմել է ԿԳՄՍՆ՝ սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 11-ը Ուրուգվայի Հանրապետություն և Արգենտինայի Հանրապետություն մեկնելու թույլտվության խնդրանքով՝ գիտաժողովների մասնակցելու նպատակով։
«2023 թ. սեպտեմբերի 9-ի գրությամբ ԿԳՄՍ–ն նրան պատասխանել է, որ նպատակահարմար չի գտնում թանգարանի սուղ ֆինանսական միջոցների հաշվին 23 օր գործուղում կազմակերպելը` հաշվի առնելով նաև թանգարանի հիմնանորոգման աշխատանքները: Բացի գրավոր պատասխանից՝ Անի Եղիազարյանին աշխատանքային կարգով մեկ անգամ ևս տեղեկացվել է նախարարության դիրքորոշման մասին՝ առաջարկելով կրճատել ժամկետները»,– նշում է նախարարությունը։
2023 թ. սեպտեմբերի 16-ին (ոչ աշխատանքային օրով) նախկին տնօրենը նույն ժամանակահատվածի համար մեկնելու թույլտվության խնդրանքով կրկին դիմել է ԿԳՄՍՆ:
«Չսպասելով նախարարության պատասխանին (դրական և/կամ բացասական) և առանց համապատասխան հրամանի ու թույլտվության՝ նա ինքնակամ մեկնել է երկրից՝ թողնելով թանգարանն առանց կառավարման և կոպտորեն խախտելով ՀՀ աշխատանքային օրենսդրությունը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ օրենքով սահմանված կարգով նրա նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ»,– եզրափակել է ԿԳՄՍ–ն։
Հիշեցնենք` Անի Եղիազարյանը «Հովհաննես Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները ստանձնել էր 2019 թվականին։