Խնդիրը բնավ ֆինանսների մեջ չէ. Սանոսյանն ասաց` ինչու արագ չի կառուցվում «Հյուսիս-հարավը»

«Հյուսիս–հարավ» ճանապարհի շինարարություն. Արխիվային լուսանկար
«Հյուսիս–Հարավ» ճանապարհի որոշ հատվածների հետ կապված դատական հարցեր կան, այդ պատճառով էլ աշխատանքները կանգ են առել կամ էլ դանդաղում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել սանոսյանը դրական է համարում, որ «Հյուսիս–հարավ» ճանապարհի մի շարք հատվածներում շինարարություն է սկսվել։ Այս մասին նա հայտարարեց ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ։
Մասնավորապես, նա հիշեցրեց, որ կառուցվել էր Երևան–Արտաշատ և Երևան–Աշտարակ հատվածը և շինարարությունը կանգնել էր։ Նախարարի պնդմամբ` որոշ հատվածների վերաբերյալ դատական հարցեր կան, այդ պատճառով էլ կա՛մ կանգ են առել աշխատանքները, կա՛մ դանդաղում են, բայց կարծես թե դրանք էլ են լուծում ստանում։
Այժմ արդեն սկսվել է Աշտարակ–Թալին հատվածի շինարարությունը, այդ գործընթացով զբաղվելու է 2 ընկերություն, որոնցից յուրաքանչյուրին 18 ամիս ժամկետ է տրված աշխատանքներն ավարտին հասցնելու համար։ Սանոսյանի խոսքով` Լանջիկ–Գյումրի ճանապարհահատվածի շինարարությունը կավարտվի շուտով և վերջապես աշխատանքները կսկսվեն հարավում` Ագարակ–Քաջարան հատվածում։
«Մենք տրամադրված ենք իրականացնել այս նախագիծը, աշխատում ենք այդ ուղղությամբ, և խնդիրը բնավ ֆինանսների մեջ չէ։ Խնդիրը տարբեր քննարկումների, դժվարությունների, նախագծման և անհամաձայնությունների մեջ է դոնորների հետ և այլն»,– նշեց ՏԿԵ նախարարը։
Դրա հետ մեկտեղ նախարարը կոնկրետ ժամկետներ չկարողացավ նշել, թե երբ ճանապարհը լիովին պատրաստ կլինի։ Նրա խոսքով` ճանապարհի տարբեր հատվածների շինարարությունը սկսվել է տարբեր ժամանակներում և տարբեր ժամանակ է պահանջում ավարտելու համար:
«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքը Հայաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է հարևան երկրների հետ հաղորդակցման դյուրինացումը, Կենտրոնական Ասիա, Եվրոպա ձգվող հաղորդակցության ուղիներով դեպի արտաքին շուկաներ ելքի հնարավորությունների ընդլայնումը, տնտեսության հիմնական ոլորտների զարգացումն ու արտահանման ընդլայնումը և այլն:
Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկությունը մինչև Վրաստանի սահման, ապա նաև դեպի սևծովյան նավահանգիստներ։ Դա թույլ կտա իրականացնել բարձր չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին: