ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի իշխանությունն ընդունել է Գազայի հատվածի 2,3 մլն բնակիչներին Եգիպտոս վերաբնակեցնելու հետախուզության ծրագրի գոյությունը: Տեղեկությունը հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով Իսրայելի վարչապետի գրասենյակին:
«Իսրայելը խոստովանել է, որ նախարարություններից մեկը կազմել է... Գազայի հատվածի 2,3 միլիոն բնակիչներին Եգիպտոս՝ Սինայի թերակղզի տեղափոխելու առաջարկ», - հայտնում է գործակալությունը:
Փաստաթուղթը թվագրված է հոկտեմբերի 13-ով, բայց միայն հիմա է հայտնվել իսրայելական լրատվամիջոցներում։
Գործակալությունը հաղորդում է, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակում հետախուզության նախարարության փաստաթղթին վերաբերվել են որպես հիպոթետիկ ծրագրի: Իսրայելցի պաշտոնյայի խոսքով՝ փաստաթղթի վերաբերյալ անվտանգության ծառայությունների հետ առարկայական քննարկումներ չեն եղել:
Associated Press-ի տվյալներով՝ ծրագիրը նաև բացառում է Գազայի հատվածի փոխանցումը պաղեստինյան վարչակազմի վերահսկողությանը կամ անկլավում նոր կառավարության ստեղծմանն աջակցելը:
Գործակալությունը նշում է, որ նման փաստաթղթի առկայությունը դժգոհություն է առաջացրել Պաղեստինում: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ իշխանությունը դեմ է Գազայի հատվածի բնակչության տեղաշարժին` ուր էլ որ լինի, և ծրագիրն անվանել է կարմիր գիծ, որը թույլ չեն տա հատել:
Ավելի վաղ Financial Times թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Նեթանյահուն փորձել է համոզել Եվրոպայի երկրների ղեկավարներին ճնշում գործադրել Եգիպտոսի վրա, որ վերջինս Գազայի հատվածից փախստականների ընդունի: Պարբերականի տեղեկություններով՝ ի պատասխան Արևմուտքի ճնշումների՝ Եգիպտոսում սպառնացել են Գազայից փախստականներին ԵՄ երկրներ ուղարկել։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։