ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ազգային դրամատիկական թատրոնը (կամ պարզապես Ալեքսանդրինկան) առաջին անգամ Հայաստան կայցելի Երևանյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։
«Այցը խորհրդանշական է նրանով, որ լեգենդար Վալերի Ֆոկինը Երևան կժամանի իր հայտնի «Ամուսնությունը» ներկայացումով։ Նախատեսվում է նրա հետ հանդիպում և «Պետրոպոլիս» ֆիլմի ցուցադրություն։ Ֆոկինը կենդանի լեգենդ է, և նրա այցը շատ կարևոր է ինչպես փառատոնի, այնպես էլ հայաստանյան թատերասերների համար»,– նշեց նա։
Մկրտչյանն ընդգծեց, որ երևանյան հանդիսատեսը կկարողանա տեսնել Նիկոլայ Գոգոլի «Ամուսնությունը» տրագիկոմեդիան նոյեմբերի 9-ին և 10-ին, իսկ նոյեմբերի 12-ին արդեն ակադեմիական թատրոնի բեմում կցուցադրվի Նիկիտա Կոբալևի «Արարածը» ներկայացումը, որը բեմադրվել է Ֆյոդոր Սոլոգուբի «Փոքր դևը» վեպի հիման վրա։
Ռուսաստանի ազգային դրամատիկական թատրոնի դերասանները
© Photo : Посольство России в Армении
«Սա «Ալեքսանդրինկայի» առաջին հյուրախաղերն են Հայաստան։ Համոզված եմ, որ թատերական արվեստը գնահատողները բաց չեն թողնի այդ ներկայացումներին ներկա գտնվելու հնարավորությունը», – նշեց նա։
Ռուսաստանի ազգային դրամատիկական թատրոնի դերասանները
© Photo : Посольство России в Армении
Հայկական թատրոնի տնօրենը հիշեցրեց նաև, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «Ալեքսանդրինկայի» միջև համագործակցության մասին հուշագիրը կնքվել է մինչև 2025 թվականը։ Հուշագրի շրջանակում հայ մասնագետները վերապատրաստում են անցել, նախատեսվում է փոխգործակցության մի քանի ձևաչափ։
Բացի այդ, հայկական թատերախումբը բոլորովին վերջերս պետերբուրգյան թատրոնի բեմերում երկու ներկայացում է խաղացել` «Թռիչք կկվի բնի վրայովը» և «Դեկամերոնը»։
«Շատ հուզիչ էր ոչ միայն այդ բեմում խաղալը, այլև բավական խստապահանջ հանդիսատեսի անվերջանալի ծափերը լսելը։ Այդ ժամանակ հայկական թատրոնի նոր էջ էր գրվում», – ասում է Մկրտչյանը։
Վարդան Մկրտչյան
© Sputnik / Asatur Yesayants
Նշենք, որ հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 18–ը Երևանում Միջազգային թատերական փառատոն կանցկացվի։ Փառատոնի նպատակը ոչ միայն հայ հանդիսատեսին լավագույն թատերախմբերի ներկայացումները ցուցադրելն է, այլև հայկական թատերական արվեստի ճանաչելիության բարձրացմանը և մշակույթի գործիչների մասնագիտական զարգացմանը նպաստելը։ Թատերական փառատոնն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԿԳՄՍՆ–ի աջակցությամբ։