ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերությունը (ԿՄՄԿ) հայտնել է, որ Գազայի հատվածի «Ալ Քուդս» հիվանդանոցի մոտ նոր հարվածներ են հասցվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Շարունակական հրետանային և օդային հարվածներ են հասցվում Գազայի Թալ Ալհվա շրջանում, որտեղ գտնվում է «Ալ Քուդս» հիվանդանոցը: Շենքը ցնցվում է, իսկ տեղահանված քաղաքացիական անձինք և աշխատանքային բրիգադները խուճապի են մատնվում», - ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերության «X»–ի էջում։
Հոկտեմբերի 29–ին հայտնի դարձավ, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի «Ալ Քուդս» հիվանդանոցի արվարձաններին, որտեղ ապաստանել է մոտ 12 հազար մարդ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։