Փաշինյանը գործիք է դարձել Արևմուտքի և Թուրքիայի համար, որ ՀՀ–ին կտրի ՌԴ–ից. Շարմազանով

Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, թե Նիկոլ Փաշինյանը 3 տարի առաջ ինչ է ասել Ռուսաստանի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հավաքական Արևմուտքը և Թուրքիան ցանկանում են Հայաստանին կտրել Ռուսաստանից` վերջինիս առհասարակ հեռացնելով Հարավային Կովկասից։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Նիկոլ Փաշինյանն էլ հոժարակամ, կամավոր դարձել է քաղաքական առումով այդ բութ գործիքը Արևմուտքի ու Թուրքիայի համար»,– նշեց նա` մեկնաբանելով ՀՀ վարչապետի` ռուսական ռազմակայանի վերաբերյալ հայտարարությունը։
Փաշինյանը «Wall street journal»–ին տված հարցազրույցում ասել էր, որ որևէ առավելություն չի տեսնում Հայաստանում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ, սակայն Հայաստանից դրանք հանելու հարց չի քննարկվում։
Շարմազանովը հիշեցրեց` դեռ 3 տարի առաջ Փաշինյանը ընդդիմադիր գործիչների հետ փակ հանդիպմանը հայտարարել էր, որ 44–օրյա պատերազմի ժամանակ Սյունիքը պահվել է բացառապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցության արդյունքում։
«Ասում է` ես ռուսական ռազմաբազայի առավելությունը չեմ տեսել, իրո՞ք։ Չի կարելի մարդկանց էդքան հիմարի տեղ դնել, Նիկոլ Փաշինյան։ Ո՞նց եղավ, որ 2020 թ–ին ռուսը եղավ Սյունիքի պահապան, իսկ հիմա ՌԴ–ն ամեն ինչ անում է , որ Ադրբեջանը Սյունիքը վերցնի՞։ Էդ որ Ռուսաստանը նման նպատակ ունենար, ո՞վ պիտի դեմը կանգներ։ Դո՞ւ, որ փախել էիր բունկեր»,– ասաց նա։
Հիշեցնենք` Փաշինյանը «Wall street journal»–ին տված հարցազրույցում ասել էր նաև, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը։
Բաքուն ու Անկարան թույլ չեն տա, որ Հայաստանը խաղաղության խաչմերուկ դառնա. քաղաքագետ