ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. 14 մարդ խոշտանգվել է, 64–ը զոհվել Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան հարկադիր տեղափոխման ժամանակ։ «X»–ի իր միկրոբլոգում այս մասին գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է տվյալներ սեպտեմբերի 19–ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով զոհվածների և վիրավորների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների, մասնավորապես երեխաների թվի մասին»,– գրել է նա:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։