ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – sputnik. Իսրայելը թույլ չի տա վառելիք մատակարարել Գազային՝ չնայած մարդասիրական կազմակերպությունների և ՄԱԿ-ի խնդրանքներին, որ այն ՀԱՄԱՍ-ի կողմից չօգտագործվի: ՏեղեկությունըԺնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Իսրայելի բանակի ներկայացուցիչ, փոխգնդապետ Ջոնաթան Կոնրիկուսը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ՄԱԿ-ի տարբեր գործակալություններ և միջազգային կազմակերպություններ շաբաթներ շարունակ պահանջում են, որ վառելիքը տեղափոխվի Գազա, քանի որ դա հիվանդանոցներին և ջրի մաքրման կայաններին էլեկտրաէներգիա մատակարարելու միակ միջոցն է:
«Մենք թույլ չենք տա վառելիք մատակարարել Գազային, և մեզ ոչինչ չի պարտավորեցնում։ Մենք չենք ուզում, որ ՀԱՄԱՍ-ն օգտագործի այն մեր դեմ», - ասել է Կոնրիկուսը ՄԱԿ-ում հավատարմագրված ACANU ասոցիացիայի լրագրողների հետ ճեպազրույցում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։